Համացանցում շրջանառվող՝ Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց բաց դեմքերով նկարահանած լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք առանց համաձայնության տարածվում են: Վերոնշյալի հետ կապված՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են բազմաթիվ բողոքներ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այս առիթով հայտարարություն է տարածել:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասսայական հերթերի առաջացումը: Համացանցում շրջանառվող այս և Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց բաց դեմքերով նկարահանած լուսանկարներ ու տեսանյութեր և դրանց, ըստ երևույթին, առանց համաձայնության տարածումը»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում:
Ելնելով վերոնշյալի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված բազմաթիվ դժգոհություններից՝ Արցախի ՄԻՊ-ը կրկին կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ հրապարակելուց մարդկանց ավելորդ անհարմարություններ չպատճառելու համար ստեղծված՝ առանց այն էլ բարդ իրավիճակում: