Ովքեր կընդգրկվեն առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առաջին փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման (ԱՀԱ) հայեցակարգը։

ArmLur.am-ը մանրամասներ է ներկայացնում հայեցակարգից:

ԱՀԱ-ը կներդրվի փուլային տարբերակով, որտեղ առաջին տարին` 2023 թվականը կլինի  «նախապատրաստական փուլ»․  հաջորդ երեք տարիները՝  2024-2026 թվականները կլինեն «փորձարկման փուլ», իսկ արդեն չորրորդ տարվանից` 2027 թվականից ԱՀԱ-ն կկիրարկվի ամբողջությամբ։

ԱՀԱ ներդրման յուրաքանչյուր փուլի ընթացքում կիրականացվեն ծածկույթի ծախսերի հաշվարկները, և կորոշվի ապահովագրավճարի չափը, ըստ ապահովագրվածների խմբերի պետության համաֆինանսավորման չափը և ապահովագրվածների մասնակցության չափը։

ԱՀԱ ներդրման երկրորդ՝ փորձարկման փուլի 1-ին տարվա ընթացքում ԱՀԱ-ում կընդգրկվեն պետության կողմից սահմանված բնակչության խմբերը, այդ թվում՝ նպաստի համակարգում ընդգրկված և 28,01 և ավելի միավոր ունեցող ընտանիքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 18 տարեկան երեխաներ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված այլ անձինք, սոցիալական փաթեթում ընդգրկված շահառուներ։ Փորձարկման փուլի 2-րդ տարվա ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության խմբերին կմիանան նաև 63 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։ Փորձարկման փուլի վերջին տարում` 2026 թվականին ԱՀԱ-ին հնարավորություն կունենան միանալու բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք և գյուղատնտեսությունում զբաղվածները։

Նախատեսվում է, որ ԱՀԱ ներդրման վերջին՝ կիրարկման փուլում ՀՀ բոլոր քաղաքացիները կամ նրանց գերակշիռ մեծամասնությունը (95% և ավելի) կունենան միևնույն ծառայությունների փաթեթը։

ԱՀԱ-ի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգոյանան երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեից և ԱՀԱ-ին միանալու ապահովագրական վճարներից։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս