ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչությունում պարզվել են տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին հաղորդգրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 30 և 29-ամյա բնակիչները, իրենց ընկերոջ հասցեին հնչեցված վիրավորական արտահայտության համար պարզաբանումներ պահանջելու նպատակով, 2021 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, երկու այլ ընկերների հետ գնացել են Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող տուն, որտեղ տան սեփականատիրոջ, նրա 23 և 26-ամյա որդիների հետ խոսակցությունը վերածվել է լեզվակռվի:
Խոսակցությունը շարունակելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը՝ երեկոյան, 30-ամյա տղամարդը, վերցնելով ապօրինի ձեռք բերված և պահվող ինքնաձիգը, մի քանի ընկերների հետ նրանցից մեկին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է գյուղի կենտրոնում գտնվող այգի, որտեղ արդեն իսկ սպասում էին 23 և 26-ամյա եղբայրները՝ իրենց ընկերների հետ:
Վերջիններիս միջև լարված հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, երիտասարդները սկսել են տարածքում հավաքված քաղաքացիների ներկայությամբ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն գործադրել միմյանց նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով միմյանց մարմինների տարբեր մասերին:
Այդ ընթացքում 30-ամյա տղամարդը, վերոնշյալ ավտոմեքենայի հետևի սրահից դուրս բերելով իր հետ նախապես վերցրած հիշյալ ինքնաձիգը, կրակոցներ է արձակել դեպի օդ, որից հետո ինքնաձիգի փայտյա կոթով հարվածներ հասցրել եղբայրների և վերջիններիս ընկերների մարմինների տարբեր հատվածներին:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 30-ամյա տղամարդը, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել «EKOL 29» մոդելի գազային ատրճանակ և 2 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված փամփուշտ, դրանք ապօրինի փոխադրել Արմավիրի մարզի Գայ գյուղ, որոնք 2021թ. օգոստոսի 14-ին հայտնաբերվել են վերջինիս վարած ավտոմեքենայի զննությամբ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ 1-ին մասին, և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասին:
29-ամյա երիտասարդին, 23 և 26-ամյա եղբայրներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Հիշյալ 4 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։