Անակնկալ որոշում. Ռաֆայել Վարանը հեռանում է Ֆրանսիայի հավաքականից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռաֆայել Վարանը հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» 29-ամյա պաշտպանը նման որոշում է կայացրել ԱԱ-2022-ի եզրափակչում կրած պարտության, ֆիզիկական և հոգեբանական հոգնածության, ինչպես նաև ծնկի հետ կապված խնդիրների պատճառով:

«Մեր մեծ երկիրը մեկ տասնամյակ ներկայացնելը գրեթե ամենամեծ պատիվն էր իմ կյանքում։ Ամեն անգամ, երբ հագնում էի ազգային հավաքականի այս յուրահատուկ մարզաշապիկը, մեծ հպարտություն էի զգում։ Ես մի քանի ամիս մտածում էի այդ մասին և որոշեցի, որ ժամանակն է, որ ավարտեմ միջազգային կարիերաս:

Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մենք 2018-ին աշխարհի գավաթը տուն բերեցինք։ Մինչև հիմա զգում եմ այն բոլոր հույզերը, որոնք զգացել եմ այդ օրը։ Դա իմ կյանքի ամենամեծ և ամենահիշարժան պահերից մեկն էր:

Այս հաղթանակը, որը մենք միասին նվաճեցինք, երբեք հնարավոր չէր լինի առանց Դիդյե Դեշամի, մեր շտաբի յուրաքանչյուր անդամի, իմ թիմակիցների աջակցության, ովքեր պաշտպանում էին այս մարզաշապիկը յուրաքանչյուր խաղում:

Բայց որ ավելի կարևոր է, այս հաղթանակը հնարավոր չէր լինի առանց ամեն մի երկրպագուի աջակցության: Նույնիսկ անցյալ տարի եզրափակչում պարտվելուց հետո դուք մեզ ողջունեցիք որպես հերոսներ, երբ վերադարձանք: Ձեզանից յուրաքանչյուրին ես հազար անգամ ասում եմ՝ «շնորհակալություն»:

Ես անպայման կկարոտեմ այս պահը, բայց ժամանակն է, որ նոր սերնդի ներկայացուցիչները զբաղեցնեն իմ տեղը. մենք ունենք տաղանդավոր երիտասարդ խաղացողներ, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել ու արժանի են հնարավորության»,- գրել է Վարանը սոցցանցային իր էջում։




Լրահոս