Ես կարծում եմ, որ Հաագայի դատարան ներկայացրած Հայաստանի ու Ադրբեջանի հակընդդեմ հայցերը կմերժվեն: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Զրուցակցի կարծիքով՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցը կմերժվի անհիմն լինելու պատճառվ, իսկ Հայաստանի հայցը, ըստ Ալավերդյանի, հնարավոր է մերժվի, քանի որ գործը քննող դատավորներն իրենց նախնական ելույթներում ձևակերպումներ են արել, որոնք ընդհանուր առմամբ արդարացնում էին Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի կեղծ բնապահպաններին.
«Դատավորները մինչև անգամ ասում էին, եթե փորձեն նրանց ցույցը ցրել, ապա դա կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում:
Դրա համար էլ ես մտահոգ եմ՝ ինչպիսին կլինեն դատարանի նախնական եզրակացությունները: Ես չեմ կարծում, որ վճիռը կլինի հօգուտ մեզ, կամ այդ վճռից հետո Ադրբեջանը կդադարեցնի Լաչինի շրջափակումը, հատկապես, որ դատարանի որոշումները կրում են զուտ խորհրդակցական բնույթ»,-ասում է Ալավերդյանը:
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը հակընդդեմ հայցեր են ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը, որը 50 օրից ավելի է՝ փակ է:
Քրիստինա Մուշեղյան