ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ստացան։ Մանրակրկիտ մշակվեց գործողությունների հաջորդականությունը, որոնց հաջող իրականացման արդյունքում փետրվարի 2-ին, կեսգիշերին մոտ, մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 29-ամյա երիտասարդ։ Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցավոր արարք կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ սպանության։
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 25-ին կրակոցներ էին հնչել Շենգավիթի Եղիշե Թադևոսյան փողոցում։ Զինված միջադեպի հետևանքով երկու տղամարդ տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանցից՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը մահացել էր։
Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերեցին արնանման հետքեր, պարկուճներ, փամփուշտներ, հրազեն և այլն։ Կրակոցներից վնասվել էր մոտակա բնակարններից մեկի պատուհանը։
29-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։