«Հայաստան» խմբակցությունը հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ լիագումար նիստում «ՀՀ Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները ու հրատապ անելիքները» թեմայով քննարկում է նախաձեռնել:
Քննարկման հրատապությունը պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ Զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպքերով և զինված ուժերի կառավարման ոլորտում առկա բացերով:
Հարցի հիմնական զեկուցողը պատգամավոր Գեղամ Մանուկյանն է, նիստին հրավիրվել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ հարցեր ունեն նախարարին.
«Ակնկալվում է, որ Պապիկյանը երեքշաբթի գա խորհրդարան ու պատասխանի պատգամավորների հարցերին, բայց նրա մասնակցության մասով դեռ արձագանք չկա»,-ասաց նա:
Պատգամավորը հավելեց նաև, որ եթե Պապիկյանը չգա, քննարկումը չի կայանա.
«Առանց իր ներկայության միշտ էլ բարձրաձայնել ենք բանակի խնդիրների մասին, նպատակը հենց Պապիկյանի մասնակցությունն է, որ պարզաբանումներ հնչեն», -ասաց Մանուկյանը:
Նշենք, որ հենց այդ նույն օրը ԱԺ-ն քննարկելու է նաև ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին ու Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Քրիստինա Մուշեղյան