Եթե անգամ Հաագայի դատարանը հօգուտ մեզ որոշում կայացնի, համոզված եմ, որ նույնիսկ դա չի ազդի ադրբեջանական կողմի վրա և Բերձորի ապաշրջափակումը կշարունակվի: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Զրուցակցի դիտարկմամբ՝ միջազգային մակարդակում, ցանկացած ոլորտում իրավական ու դիվանագիտական հաջողության գրավականը ոչ թե միջազգային իրավունքն է և միջազգային հանրությունը, այլ քաղաքականությունը, կողմերի ուժի գործոնը և միջազգային հանրություն կոչվածի աշխարհաքաղակական և տնտեսական շահերը. «Հաագայի դատարանում քննվող գործը պետք է դիտարկել այս տեսակետից։ Հիշենք Բալկանների ճգնաժամի հետ կապված նույն Հաագայի վճիռները։ Դրանք միակողմանի, հակասերբական էին, կարծես մյուս կողմերը հանցանքներ չէին գործել։
Այսպես պետք է դիտարկել Հաագայում ընթացող դատավարությունը։ Ինքս դժվարանում եմ ասել, թե ինչ վճիռ կլինի, հուսանք, որ թերևս ինչ-որ իմաստով հօգուտ մեզ կլինի։ Բայց, համոզված եմ, որ նույնիսկ նման վճիռը չի ազդի ադրբեջանական կողմի վրա և Բերձորի ապաշրջափակումը կշարունակվի»,-ասում է Իշխանյանը և հավելում՝ ի տարբերություն հայ «գերազանցիկ, առաջադեմների», Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ հասկացել է տարբեր միջազգային կառույցների կողմից ընդունված որոշումների զրոյական գինը:
Իրավապաշտպանը հիշեցնում է՝ ի վերջո, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ երկիր, Ադրբեջանը չկատարեց նույնիսկ ՄԻԵԴ որոշումը. «Այսօր Ադրբեջանը, նույն այսպես կոչված միջազգային հանրության կարևորագույն գործընկերն է, հատկապես էներգետիկայի բնագավառում՝ թիկունքում ունենալով նաև Թուրքիա։ Այնպես որ այդ նույն միջազգային հանրություն կոչվածը, բացի կեղծ մտահոգություններից, որևէ լուրջ քայլ, պատժամիջոց չի կիրառի Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է իր խեղճուկրակ դիվանագիտությունը։ ՀՀ արտգործնախարարը Իսլանդիայի փոխարտգործնախարաի օգնականին ներկայացրել է Լաչինի միջանցքի հետ կապված հումանիտար ճգնաժամը և այլն»-ասաց Իշխանյանը:
Մեր զրուցակիցն ընդգծում է՝ Բերձորի ճանապարհի բացման բանալին գտնվում է Հայաստանում.
«Եթե մենք արդեն երրորդ տարին հանդուրժում ենք մեզ պարտության մատնած իշխանությանը, որը բացահայտ Արցախը համարում է Ադրբեջան, ապա ի՞նչ եք կարծում, ինչպիսի վերաբերմունք կլինի մեր նկատմամբ աշխարհի բոլոր երկրների կողմից՝ արհամարհական։ Եվ հավատացեք, որ այդ նույն միջազգային հանրությունը ներքուստ կողջունի Արցախի հնարավոր հայաթափումը, բայց արտաքուստ խիստ մտահոգություններ կարտահայտի և հումանիտար օգնություն կտրամադրի փախստականներին։ Եթե ցանկանում ենք, փրկել Արցախն ու Հայաստանը, որպես առաջին քայլ, պետք է բացել Բերձորի ճանապարհը, ապա պետք է հեռացնել Հայաստանի իշխանությանը։ Հավատացնում եմ, որ միջազգային իրավիճակի որոշակի փոփոխություն կլինի հօգուտ մեզ։ Իսկ այսօր, միակ հույսը մնում է Արցախի անկոտրում ոգին, ուրիշ ոչինչ»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը:
Քրիստինա Մուշեղյան