Փաշինյանն իր խոսափողներին ուղարկում է, որպեսզի շեղեն հանրությանը. պատգամավորը՝ Արսենյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում իրավիճակը նույնն է, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, այսպես ասած՝ հիմա կայուն անդորր է: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Մեզ հետ զրույցում արցախցի պատգամավորն անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ երեկ ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը, թե «չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի»:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար նման հայտարարություններ են անում, որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն իրական խնդիրներից. «Ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր խոսափողներին ուղարկում է, որպեսզի խոսեն ու շեղեն հանրությանը: Այդ խոսափողները, ընդհանուր առմամբ, մի քանիսն են, իրենցից մեկն էլ՝ Գուրգեն Արսենյանն է: Պետք չէ նրանց հայտարարությունների վրա զարմանալ կամ բարկանալ: Իրենք իրականացնում են այն նպատակը, ինչի համար եկել են իշխանության՝ վերացնել Արցախը ու Արցախում բնակվող հայերին: Ցավոք սրտի, մեր հայրենակիցները հաճախ շեղվում են իրենց այս հայտարարություններով, արդյունքում իրական պայքարը տեղափոխվում է երկխոսության դաշտ, իրար մի երկու անպատիվ խոսքեր են ասում ու այդքանով ավարտվում է ամեն բան: Վաղն էլ Փաշինյանը մեկ այլ բան կմտածի, որպեսզի շեղի հանրությանը: Արդյունքում ստացվում է՝ իրենք անպատիժ են մնում»,-ասում է Մետաքսե Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ գրեթե ամեն օր դաշտ է նետվում մի նոր «ցնցող» հայտարարություն կամ նորություն, որպեսզի հանրությունը դա քննարկի ու մոռանա Արցախի շրջափակման մասին. «Չպետք է շեղվել նրանց հայտարարություններով կամ նրանց «նետած» ինֆորմացիայով: Պետք է պարզապես իրենց չլսել ու չհետևել, այլ շարժվել սեփական օրակարգով»,-ընդգծում է արցախցի պատգամավորը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս