ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հանդես է եկել տեսաուղերձով, որի տեքստային տարբերակը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր և եղբայրներ

Այսօր մենք շատ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք: Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն մեր թշնամիների գործողությունների, այլև Հայաստանի իշխանությունների վարած ապազգային քաղաքականության պատճառով։ Քաղաքականություն, որ լկտիացնում է Ադրբեջանին, ուժեղացնում Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում, կասկածներ առաջացնում բարեկամ Իրանում, կազմաքանդում հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։

Մենք անվտանգային ու գոյաբանական լրջագույն մարտահրավերների առաջ ենք։ Ալիևի հանցավոր որոշմամբ մոտ 2 ամիս շրջափակված է Արցախը, և դա Պրահայում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպման հետևանքներից է:

Ուշագրավն այն է, որ Արցախի շրջափակումից հետո Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ մեղադրանքների սլաքներն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները և Գյումրիում ռուսական ռազմաբազան համարում սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Նրանք շարունակում են պառակտել մեր հանրությանը և ներքին թշնամանք տարածել։

Սիրելի՛ ժողովուրդ

44–օրյա պատերազմից և առաջ, և հետո Փաշինյանի թիրախում Հայկական բանակն է, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակած հրամանատարներն ու քաղաքական գործիչները, Արցախն ամբողջությամբ։ Ցուցադրաբար խոսում էին կենցաղային բարեփոխումներից, միաժամանակ թուլացնում, կազմաքանդում բանակը։ Եվ դա էր պատճառը, որ պարտվեցինք պատերազմում, իսկ պատերազմից հետո Հայաստանից տարածքներ կորցրինք, մարդկային հսկայական կորուստներ ունեցանք, և մեր զոհված զինվորների մարմինները դեռևս թշնամու գրաված տարածքներում են։

Օրվա իշխանությունը բանակաշինությունը և բանակի վերականգնումը փոխարինել է իմիտացիաներով ու շոուներով, սակայն ոչ մի էական քայլ չի կատարել մեր սահմանների ամրապնդման, դիրքերի ամրացման, զինվորի կյանքը պաշտպանելու նպատակով։ Եվ եթե ինչ-որ բան էլ արվել է, ապա միայն մեր առանձին հրամանատարների, զինվորների ամենօրյա բարդ ծառայության շնորհիվ: Ասվածի խոսուն վկայությունն այն է, որ անգամ բյուջեով բանակի համար նախատեսված բազմամիլիարդ գումարներով չեն ապահովել համարժեք անվտանգություն։ Դա նշանակում է չգնված զենք, չիրականացված ինժեներական աշխատանքներ դիրքերում, անմխիթար կացարաններ, խոցելի զինվոր։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս