Արցախի ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել.
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:
Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:
Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը:
Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:
Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հերթական հայտարարությունն է արել՝ ասելով, որ 3 միլիոն հայերին չպետք է զոհել հանուն 120.000 արցախցու: