Հայաստանի սպառողական շուկայում գնաճ է արձանագրվել:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա հետ համեմատ սննդամթերքը թանկացել է 3.3 տոկոսով: Իսկ մեկ տարվա ընթացքում սննդամթերքի գները բարձրացել են 9.4 տոկոսով: Հայաստանի բոլոր քաղաքներում այս հունվարին 2022 թվականի դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.7-4 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Իսկ Երեւանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 3.4 տոկոսով: Օրինակ, ձուն է թանկացել՝ 0.7 տոկոսով: Իսկ շաքարավազի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.2 տոկոս:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ կարագի ու մարգարինի գինն է նվազել: Օրինակ, կարագն էժանացել է 0.4 տոկոսով:
Հնդկացորենն այս հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ (գրեչկա) թանկացել է 5.3 տոկոսով: Մեկ տարվա ընթացքում Հայաստանում բարձրացել է նաեւ ալյուրի գինը՝ 6.3 տոկոսով, իսկ մակարոնեղենը թանկացել է 21.9 տոկոսով:
Բանջարեղենն ու միրգն են շեշտակի թանկացել: Բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 18.7 տոկոս, իսկ միրգը թանկացել է 7.4 տոկոսով:
Այս թանկացումներին զուգահեռ, տեղեկացնենք, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 77 հազար 740 դրամ՝ ամսական կտրվածքով: Իսկ այս տարվա հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ 68,000 դրամից դառնալով 75,000 դրամ: Համաձայնեք, որ դժվար է ապրել մի երկրում, որտեղ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը:
Ս.Հ.