Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։

Երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացվում են Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։

Նախագահ Հարությունյանը մեծ ցավով ու ափսոսանքով է անդրադարձել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Վեհափառից հետաքրքրվել տեղի հայկական համայնքի որպիսությամբ, արցախահայության զորակցությունը փոխանցել բնական աղետից տուժած հայ ընտանիքներին:

Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար:

Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ միայն անկոտրում կամքով և կուռ միասնությամբ կհաջողվի հաղթահարել ծառացած մարտահրավերները և կանխել հումանիտար աղետը. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։




Լրահոս