2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը, որն անվճար բաժանվեց բոլոր կրպակներին: Օրաթերթի առաջին համարի շապիկին գրված էր. «Առանց վերամբարձ խոսքերի եւ «սեթեւեթանքների», միանգամից կարող ենք վստահեցնել, որ մեր թիկունքում չկա կանգնած որեւէ քաղաքական ուժ, անգամ ամենասուր աչքերով եւ գործիքներով նայելու դեպքում մեր թիկունքում չեն երեւա որեւէ օլիգարխի կամ օսլայած մազերով երիտասարդների ականջներ, թեւեր, ոտքեր եւ այլն: Մենք չունենք «պապաներ», չունենք թելադրողներ եւ պահանջներ ներկայացնողներ: Եւ պատահական չէ մեր կողմից ընտրված անունը՝ «Ժողովուրդ». այն լինելու է իսկապես բոլորի թերթը»: Անցել 12 տարի, եւ «Ժողովուրդ» օրաթերթը հավատարիմ է մնում իր անվանն ու կարգախոսին, այն է` «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին»: Մենք չունենք տաբուներ, սիրելի եւ ատելի մարդիկ։ Մեր գլխավոր սկզբունքն օբյեկտիվությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվականի խմբագրակազմը գիտակցում է մեծ պատասխանատվության արժեքը եւ իրացնում իր բաժին իշխանությունը՝ որպես չորրորդ իշխանություն: Շնորհավո՛ր մեր տոնը…
Ռուսաստանի ԱԳՆ -ն հունվարի 26-ին արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելություն տեղակայելու որոշմանը՝ հայտարարելով, որ ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել: Թեեւ հայ հասարակական եւ փորձագիտական շրջանակների կողմից այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ եւ շատ քննարկվեց, բայց Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում արձագանքել Ռուսաստանի այս հայտարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 27-ին գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի ԱԳՆ ռուսական կողմի այս հայտարարության հետ կապված որեւէ արձագանք ստանալու համար: Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ից տվել են խուսափողական պատասխան, որում ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ հայկական կողմը արդեն իսկ հանրայնորեն իր դիրքորոշումը ներկայացրել է»: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս ընթացքում պարբերաբար կապ է հաստատել նաեւ ՔՊ-ական պատգամավորների հետ, սակայն նրանք կոչ էին անում սպասել ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքին: Եվ, ահա, օրեր անց միայն ՀՀ ԱԳՆ-ն նման կցկտուր արձագանք է տալիս, ընդ որում՝ եթե գրավոր հարցմամբ չդիմեինք, մեր ԱԳՆ-ն հավանաբար չէր էլ արձագանքի: Պարբերաբար բարձր ամբիոններից հակառուսական սուր հայտարարություններով հանդես եկող ՀՀ իշխանությունների այս լռությունն առնվազն տարօրինակ է եւ անհասկանալի:
15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով նախաքննական մարմինը քննարկում է սպայի մեղադրանքի եւ խափանման միջոցի հարցը: Նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ նա դեռ բուժման մեջ է, սակայն վերոնշյալ հանգամանքը հաշվի առնվել է, եւ առաջիկայում սպայի մասով կոնկրետ քայլեր կիրականացվեն: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպան հարցաքննվել է, իսկ թե ինչ է նա պատմել իրավապահներին, կներկայացնենք առաջիկայում: Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 31-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտե է այցելել, ու, ըստ կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, Փաշինյանը կոմիտե այցելել է կառույցի 2022-ի գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ գտնվող աղբյուրները հուշում են, սակայն, որ նախարարություններ այցելելուց ու կատարողականին ծանոթանալուց հետո Փաշինյանն այժմ էլ որոշել է պետական բոլոր տեսակի (սկսած ամենափոքրից) գերատեսչություններով անցնել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում դրանց ներսում: Գործադրի մեր աղբյուրները փոխանցում են՝ բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է գլխիվայր փոխել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավար-աշխատակիցներին, հետեւաբար որոշել է անձամբ շրջել ու հասկանալ, թե որտեղ ինչ է կատարվում: «Իսկ հասկանալու լավագույն ձեւը սեփական աչքով տեսնելն է, թե որ գերատեսչության ղեկավարը կամ աշխատակիցն իրեն ինչպես է դրսեւորում, պատրաստված է, թե ոչ, որտեղ է թերանում եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ՝ Փաշինյանը, որ, դեռեւս նախորդ տարեվերջից սկսած, նախարարություններ էր այցելում ու հաշվետվություններ լսում, մի շարք նախարարների անակնկալի է բերել՝ ասելով, որ վերջիններս իրեն ոչ թե արած աշխատանքները ներկայացնեն ու գլուխ գովեն, այլ խոսեն պլանավորած ու չիրականացրած աշխատանքներից: Չի բացառվում՝ առաջիկայում կառավարության ենթակայության տակ գտնվող ամենատարբեր օղակներում նոր տեղաշարժեր լինեն: