«Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ աշխարհին կապող տրանսպորտային միակ հանգույցի՝ Լաչինի միջանցքի մասով հայաստանյան իշխանությունների իրականացրած քայլերի մի մասը՝ տեսանելի, մյուս մասը անտեսանելի դաշտում է, հետեւաբար հնարավոր չէ ամբողջովին գնահատական տալ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար տարվող աշխատանքների համալիր գործողություններին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Ինչ վերաբերում է բոլորիս համար տեսանելի քայլերին՝ իրականացվող թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների կողմից, ապա դրանք հիմնականում ուշացած են ու թույլ:
Ըստ իրավապաշտպանի՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը հուշելու տրամաբանությամբ է փորձում հասկացնել, թե Արցախը կարող է գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում, ապա նրա թիմակիցներն այդ մասին շատ ավելի պարզ են արտահայտվում: Չնայած իշխանությունների՝ Արցախի հարցի մասով ունեցած նման դիրքորոշմանը՝ այնուամենայիվ, մեր զրուցակցի համոզմամբ, այժմ մեծ հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, որ Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել:
Հայաստանը, շեշտում է Կարապետյանցը, պետք է կարողանա աշխատել միջազգային այն կառույցների հետ, որոնք հայանպաստ գործունեություն են ծավալում, քանի որ, բացատրում է, անգամ Եվրոպայում կան, այսպես ասած, հոգին ծախած իրավապաշտպան այնպիսի կառույցներ, որ իրենց իսկ կողմից հռչակած մարդասիրական սկզբունքներին չեն համապատասխանում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ:
-Տիկի՛ն Կարապետյանց, 50 օր է, ինչ փակ է Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ աշխարհին կապող տրանսպորտային միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Այս ընթացքում ամենատարբեր կառույցների կողմից դատապարտող հայտարարություններ են հնչել, բայց ճաապարհը շարունակում է փակված մնալ: Ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանության կողմից բավարար ու անհրաժեշտ քայլեր արվե՞լ են՝ փորձելու համար միջանցքն օր առաջ բացել:
-Իրականում արտաքին քաղաքականության մի մասը տեսանելի դաշտում է, մյուս մասը՝ ոչ: Ես կդժվարանամ ասել՝ անտեսանելիության դաշտում ինչ գործողություններ են իրականացնում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները, բայց տեսանելի դաշտում բազմաթիվ քայլեր անգամ եթե ճիշտ ուղու վրա են, շատ ուշացած եւ թույլ են լինում: Ցավալիորեն Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը չեն օգտագործում այն ամբողջ գործիքակազմը, որ պետք է օգտագործել: Կդժվարանամ ամբողջական գնահատական տալ: Ուղիղ իմաստով չեն ասում, բայց, կարծես թե, մերձավոր շրջապատը փորձում է տարածել այն տեսակետը, թե Արցախից Հայաստանը ձեռք է քաշելու: Արցախի հարցում այնքան հնարավորություն որ ունենք հիմա, երբեք չենք ունեցել: Հիմա հնարավորություն կա ապացուցելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
-Ահազանգել էիք Ձեր էջում, թե մեզ փորձում են համոզել, որ «միջազգային հանրությունը Արցախը համարում է Ադրբեջանի մաս»։ Որտեղի՞ց են փչում այդ քամիները, ու ինչքանո՞վ է մեզ համար վնասակար նման հայտարարություններ անելը:
-Ամենայն հավանականությամբ, քամիները փչում են այն ուղղություններից, որտեղից որ հետաքրքրություն ունեն տեսնելու Արցախն Ադրբեջանի կազմում, եւ դա տարբեր ուղղություններից է գալիս: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Արեւմուտքում տարբեր գաղափարախոսություններ, կուսակցություններ եւ ծախված քաղաքական գործիչներ կան: Սա նշանակում է մի բան. հայությունը պետք է կարողանա աշխատել այն ուժերի հետ, որոնք կկարողանան հայանպաստ գաղափարներ բերել:
-Միջանցքը բացելու համար ի՞նչ ելք եք տեսնում Դուք:
-Միջանցքի բացման հետ կապված շատերի վերաբերմունքը հեգնական է, այդ թվում՝ միջազգային կառույցների: շատերը վերապահումով են մոտենում, բայց կա միջազգային գործիքակազմ, եւ դրանք աղյուս-աղյուս հավաքելով՝ մենք կարող ենք ստանալ արդյունք: Դա երկարատեւ ճանապարհ է, բայց արդյունավետ. պետք է օգտագործել այդ ճանապարհը:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՎՈԼԳՈԳՐԱԴ ԵՆ ՄԵԿՆԵԼ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավորներ Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաք են մեկնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ականներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովն ու Մաթեւոս Ասատրյանը Վոլգոգրադում մասնակցում են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Պատգամավորների հնգօրյա գործուղման (հունվարի 30-ից փետրվարի 3-ը) բոլոր ծախսերը հրավիրող կողմն է հոգում: Ի դեպ, այս օրերին Վոլգոգրադի ճանապարհային ուղեկալները, ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակի, Ստալինգրադ անվանումով են փոխարինվել: Վոլգոգրադը տարին մի քանի անգամ՝ այս օրերին, մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Ստալինգրադ է անվանափոխվում: Հավելենք նաեւ, որ Ռուսաստանի օրենսդիր մարմինը քաղաքն անվանափոխելու օրինագիծ էլ էր շրջանառել, ինչը, սակայն, վերջնական հաստատման դեռեւս չի հասել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՄԱՆ Է ԲԱՂԴԱԴԻ ՇՈՒԿԱՅԻՆ
«Հայաստանի իշխանությունները ձեռքները լվացել են Արցախի խնդրից: Որեւէ մեկը չփորձի մեզ վրա ծախել, որ իրենք ելույթներում Լաչինի հարց են շոշափում, հեռախոսազրույցներում այդ թեման են քննարկում. բա դա էլ չանե՞ն. դա ընդամենը «գալչկան» է: Իրենք են ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, իրենք պետք է պահանջատեր լինեն ողջ գործիքակազմով՝ խնդրի լուծման համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելության տեղակայման որոշմանը, Արմեն Աշոտյանը նշում է՝ կողմ է ցանկացած գործիքակազմի, որն ամրացնելու է երկրի անվտանգությունը: «Բայց կբացատրե՞ք՝ ԵՄ այս առաքելությունը ինչպես է ուժեղացնելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:
ԵՄ-ն ունի գործիքակազմ՝ իրենց ընկալմամբ ագրեսորին պատժելու համար, ինչպես Ռուսաստանին են անում, բայց, իրենց կարծիքով, Ադրբեջանը ագրեսոր չէ՞: Այս պայմաններում, երբ եվրոպական իշխանություններն արձանագրում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի վրա, բա ո՞ւր են սանկցիաները»,-ասում է զրուցակիցը: Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախն ու Հայաստանը աշխարհաքաղաքական «բազառի» է վերածել. «Մեր երկիրը ոնց որ Բաղդադի շուկան լինի. ով ինչ ունի աշխարհաքաղաքական իմաստով առնում, ծախում է, մեզ մեր տարածքի վրա առնում ու ծախում են: Նիկոլ Փաշինյանը խորացնում է հոգեբանաքաղաքական ծանր վիճակը»,-ասում է նա:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ են կատարվելու։ Օրինակ՝ դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 400 հազար դրամից 1 մլն դրամի չափով, դեղատներում սպառողին վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը եւ հետ վերցնելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 20.000 դրամից 30.000 դրամի չափով: Նշենք, որ գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելու կամ դժբախտ դեպքը չհաշվառելու դեպքում տուգանքի չափը կկազմի 50 հազար դրամից մինչեւ 130 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎԻՎ օրենսգրքում այս լրացումները կատարելու վերաբերյալ առաջարկի հեղինակը վարչապետի աշխատակազմն է։ Բանն այն է, որ առողջապահության բնագավառում «Հոգեբուժական օգնության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին», «Գովազդի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին», «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքներով նախատեսված են պահանջներ, որոնք խախտելու համար օրենսգրքում նախատեսված չեն պատասխանատվության միջոցներ:
ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՅԻ ԳՈՐԾԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին կալանավորելու ու նրա գործողությունների մասով ԱԱԾ բացահայտումների շղթան, չի բացառվում, հասնի մինչեւ ՊՆ գեներալների: Տեղեկացանք, որ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է ՊՆ պաշտոնյաների ներգրավվածությունը: Գրել էինք, որ Դավիթ Գալստյանը կալանավորվելու է, քանի որ ԱԱԾ-Ն բացահայտումներ է արել նրա ՍՊԸ-ի կողմից միլիարդների չարաշահումների մասով:
Նշենք, որ 2022 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը 523.089.000 ՀՀ դրամին համարժեք 1.083.000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ: