«Նիկոլ Փաշինյանն իմ հանդեպ շատ լուրջ բարդույթ ունի. նա միայն կիսակայացած քաղաքական ուժերի հետ է հանդիպում». Պարույր Հայրիկյան
-Պարո՛ն Հայրիկյան, Ադրբեջանը հրաժարվում է բանակցել Լաչինի միջանցքի մասով, ավելին՝ գնալով կոշտացնում է իր հռետորաբանությունը, Հայաստանի իշխանություններն էլ ասում են, թե Լաչինը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է, իրենք պետք է հարցը լուծեն: Այս խճճված ու բարդ իրավիճակում ինչպե՞ս եք խնդրի լուծումը տեսնում, որքա՞ն կդիմանա շրջափակված Արցախը.
-Անկախ նրանից, թե որքան խճճված է իրավիճակը, հակամարտության պայմաններում խնդրի լուծումը հարցի միջազգայնացումն է, այդ ուղղությամբ պետք է իշխանությունները գործեն: Մի արմատական սխալ կա, որին ոչ մեկը չի ուզում անդրադառնալ, եւ այս ամենը դրա հետեւանք է: Ընդհանրապես, բանակը եւ զինվորը նրա համար են, որ երբ պետությանը վտանգ է սպառնում, իր վրա վերցնեն առաջին հարվածը, նույնիսկ գնան մինչեւ վերջ՝ ինքնազոհաբերման, բայց մեզ մոտ բանակը զոհաբերվեց իբրեւ զինվորների անվտանգության համար, այն էլ՝ այն զինվորների, որոնք, զենքը ձեռքներին, կանգնած էին, շրջափակման մեջ չէին: Այստեղից սկսվեց ամեն բան, խախտվեց մարդկության համար բնականոն գործելակերպը: Արցախը դեռ երկար կարող է դիմանալ, բայց արդյոք 21-րդ դարում սա՞ է բնականոն ապրելու ձեւը: Մերոնք կիսատ-պռատ են աշխատում Լաչինի մասով, եւ ամենակարեւորը՝ եթե դու օրինականացնում ես ուժի սպառնալիքով ստորագրած փաստաթուղթը՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, բնականաբար, դու նաեւ աշխարհին ես մատուցում դա որպես ճշմարտություն, այնինչ շատ լուրջ փաստարկման հնարավորություն կար աշխարհին ցույց տալու, որ ամեն ինչ տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ, Մինսկի խմբի պայմանավորվածությունների, Հելսինկյան համաձայնագրերի խախտմամբ: Մենք պետք է պայմանավորվածություններով համաձայնության գայինք. դա էր աշխարհի պահանջը, բայց տեղի ունեցավ այլ բան:
-Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քաղաքականությունը Արցախի մասով ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ գործիքակազմ ունի հայկական կողմը միջազգային հարթակում, որը չի կիրառում:
-Շատ հաճախ դա կախված է նաեւ նրանից, թե հարցն ով է բարձրացնում, ինչպես է բարձրացնում, այսինքն՝ անհատներից է կախված, բայց, ընդհանուր առմամբ, որեւէ գործողություն պետք է գնահատես նաեւ դրա արդյունքներով, իսկ մենք արդյունք չունենք: Նա, ով կասի՝ գոհ է, իրեն բավարարում է իշխանությունների կեցվածքը, ծիծաղելի վիճակում կհայտնվի:
-Պարո՛ն Հայրիկյան, իսկ այս ընթացքում փորձե՞լ եք հանդիպել Փաշինյանի հետ, նրա հետ իրավիճակը քննարկել:
-Նիկոլ Փաշինյանն իմ հանդեպ շատ լուրջ բարդույթ ունի, ես էլ այդ բարդույթը հաղթահարելու ճիգեր չեմ ձեռնարկում, որովհետեւ ապրում եմ ճշմարտությամբ: Փաշինյանի բարդույթը գալիս է նրանից, որ մի քանի անգամ իրեն լուրջ ներկայացվել է իր անազնիվ դրսեւորումները, ձախողումները: Ցավոք սրտի, մեր հանրությունը չի հասկանում, որ ամեն ինչ, նաեւ իշխանությունների նկատմամբ հանրության վերահսկողությունը սկսվում է Սահմանադրությունից: Նիկոլ Փաշինյանը, օրինակ, մի քանի օր առաջ նորից ձախողեց, որովհետեւ ինքը ժամկետներ էր նշում, որ պետք է այս ժամանակահատվածում Սահմանադրության կարգավորումներ անի, բայց չի անում, ժամկետներն էլ լրանում են: Սա արդեն երրորդ անգամն է, որ տապալվում է նա, իսկ իշխանավորի համար մի անգամն էլ բավարար է, որ Սահմանադրության հարցում ձախողելուց հետո ասի՝ ես չկարողացա:
-Այսինքն՝ Փաշինյանը հայտարարություններ է անում, խոստումներ է տալիս ու այդպես էլ դրանք չի՞ կատարում:
-Խոստումն այլ բան է, կարող ես մի բան խոստանալ, չստացվի, բայց երբ դու կառավարության ծրագրում բան ես արձանագրում եւ կառավարության մակարդակով որոշում ես ընդունում, ու դա հիմնական օրենքի մասին է, ապա դա չանելը հավասարազոր է պետությունը տապալելուն: Հիմնական օրենքով է պետությունն ապրում. եթե հիմնական օրենքով չի ապրում, կա՛մ պետք է ունենա ավանդույթներ, կա՛մ էլ պետք է ընդունի, որ ինքը չկա: Այս կարեւորագույն հարցում տապալվածից որեւէ բան ակնկալելն ուղղակի ողջամիտ չէ: Փաշինյանը քննադատում է ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի քաղաքականությունը, բայց քայլեր չի ձեռնարկում. դու քննադատելու համար չես, գործադիր իշխանության ղեկավարն ես, բայց քայլ չես ձեռնարկում, դու քննադատելու համար չես, այլ գործ անելու համար ես:
-Կոնկրետ քայլ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, արդյոք ա՞յն, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից:
-Ոչ թե պետք է դուրս գա, այլ պետք է արձանագրի, որ ՀԱՊԿ-ը չի գործում, չի կատարում իր պարտավորությունները, հետեւաբար՝ ՀԱՊԿ չկա: Որեւէ առողջ մարդ, երբ բժիշկը վատն է, ասում է՝ էլ չեմ գնա այդ բժշկի մոտ: Հիմա նույն տրամաբանությամբ կա՛մ պետք է քննադատես ու ակնկալես դրանից արդյունքներ, կա՛մ հստակ արձանագրումներն անես: Մեկ օրվա մեջ չի արվում դա, վաղուց պետք է աշխատանքներ տարվեին: Արդեն լրանում է 50 տարին, որ ռազմավարական ծրագիր եմ մեր ժողովրդին նվիրել՝ «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով». անկախություն ումի՞ց՝ իմպերիալիստական Ռուսաստանից: Ես իմ դիրքորոշումը չեմ փոխել: Կա քաղաքակիրթ աշխարհ, եւ կան առանձին «իմպերիալիստիկներ». պետք է լինել քաղաքական աշխարհի հետ:
-Պարո՛ն Հայրիկյան, պատերազմից հետո արտախորհրդարանական ուժերի նոր ֆորմատ է ձեւավորվել, որոնք կառավարությունում պարբերաբար հանդիպումներ են ունենում Նիկոլ Փաշինյանի հետ, իրավիճակն են քննարկում, տարբեր արձանագրումներ անում: Որպես արտախորհրդարանական քաղաքական ուժի ղեկավար՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս ֆորմատին, եւ ինչու՞ Ձեր կուսակցությունը չի մասնակցում այդ հանդիպումներին:
-Մենք հրավեր չենք ստացել: Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ շատ հարցերում մենք ընդդիմադիր էինք, բայց հաճախ էինք հանդիպում՝ նույնիսկ մեր անհամաձայնությունը հայտնելու այս կամ այն բանի վերաբերյալ: Հրավեր չի եղել իր բարդույթի պատճառով: Հայ քաղաքական գործիչներից արցախյան հարցում ավելի շատ ընդգրկված մարդ, քան ԱԻՄ-ի ղեկավարությունն է, չի եղել: Այն վճռական պահին, երբ ինքը պետք է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն ստորագրեր, հրավիրում է կուսակցությունների, բայց ինձ չի հրավիրում, որովհետեւ ես մասնագիտական գնահատական կտայի, ես ամենավտանգավոր շրջանում պարետ եմ եղել 2 տարուց ավելի, ես կասեի, որ չի կարելի փաստաթուղթը ստորագրել, եւ կհիմնավորեի՝ ինչու: Փաշինյանը հիմա ընտրել է այն ճանապարհը, որ միայն կայացած կամ կիսակայացած քաղաքական ուժերի հետ է հանդիպում, բայց ազգային կյանքում ներդրում ունեցած ուժը եւ նրա ղեկավարը Փաշինյանին բարդույթավորում են:
ԿԱՐԾԻՔ. ԱՄՆ-Ն ԹԱՆԿ ԿՎՃԱՐԻ
«ԱՄՆ-ն Չինաստանի հետ պատերազմելու դեպքում բավականին թանկ գին կվճարի»,- «Հուանցյու շիբաո» օրաթերթի տեսաբան Յուան Սյաոցունն է գրում:
Տեսաբանի կարծիքով՝ ամերիկացի զինվորականների՝ ապագայում պատերազմ սկսելու հայտարարություններին որպես անհեթեթության չպետք է վերաբերվել. դրանք իրականում արտացոլում են Վաշինգտոնի իրական ցանկությունները, որ պատրաստվում են կյանքի կոչել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ն, իսկապես, նախապատրաստում է իր բանակը Չինաստանի հետ ռազմական կոնֆլիկտ հրահրելու համար:
«Սպիտակ տունն ինչքան շատ ցանկանա ու Պեկինի հետ պատերազմ հրահրելու փորձեր անի, այնքան մենք պետք է ուժեղացնենք ազգային պաշտպանությունն ու պաշտպանենք հայրենիքը: ԱՄՆ-ն ինչքան շատ գլուխ տանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերերկրային առաջընթաց գրանցելու մասին, այքան մեծ է լինելու նրա՝ անկախանալու ցանկությունն ինովացիաների ու գիտահետազոտական ոլորտներում: Ինչեւէ, ռազմական ու գիտության ոլորտում ԱՄՆ գործողությունները՝ ուղղված Չինաստանի դեմ, նրան բավականին թանկ են արժենալու»,- նկատում է հոդվածագիր:
Նշենք, որ ավելի վաղ Ամերիկայի զինված ուժերի գեներալ Մայք Մինիհանն իր ենթակա զինվորականներին հորդորել էր 2025-ին պատրաստվել պատերազմել Չինաստանի դեմ:
Սրան էլ ավելացնենք այն փաստը, որ ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը տարեսկզբին՝ Ճապոնիա այցի ժամանակ, հայտարարել էր, թե Չինաստանն իրենց համար ոչ այդքան մեծ ստրատեգիական վտանգ է ներկայացնում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԴՊՐՈՑՆ ՈՒՆԻ 13 ԱՇԱԿԵՐՏ
Աճարկուտը Իջեւան խոշոր համայնքի գյուղերից է։ Այն Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքից գտնվում է 16 կմ հյուսիս-արեւմուտք։ Գեղատեսիլ բնակավայրը գտնվում է անտառի եզրին, Քարահան գետի ափին։ Աճարկուտը որպես բնակավայր հիմնվել է1930 թվականին, նախկին անվանումներն են՝ Սեւքարի անտառտնտեսությանը կից ավան, Սեւքարի փայտամշակման գործարանին կից ավան։ Գյուղն Աճարկուտ է կոչվում 1967 թվականից։ Այժմ Աճարկուտ բնակավայրն ունի շուրջ 200 բնակիչ։ Մեկհարկանի, ոչ բարվոք գտնվող շենքում գործում է Աճակուտի հիմնական դպրոցը։ Դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը հայտնեց, որ այդ կրթօջախ հաճախում են 1-8 դասարանների ընդհանուր թվով 13 աշակերտ։ Մոտ 10 տարի այդ դպրոցի աշակերտների թիվն ավելի քիչ էր՝ 10։ Դպրոցում աշխատում է 8 ուսուցիչ, դպրոցի աշխատողների ընդհանուր քանակը 14 է։ Աճարկուտում հիմնական դպրոցն ավարտածները 9-12-րդ դասարանների ուսումնառությունն անցնում են Իջեւան խոշոր համայնքի այլ գյուղերի՝ Ներքին Ծաղկավանի եւ Սարիգյուղի միջնակարգ դպրոցներում
ԳՈՒՄԱՐ ՉԵՆ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ
Դիլիջան քաղաքի կենտրոնում՝ հանրահայտ «Միմինո արձանախմբից ոչ հեռու, հոսում է Աղստեւ գետը: Գետի հունը նման է մերձարեւադարձային ջունգլիի, այնտեղ մեծ ծառեր ու թփեր են աճում։ Գետի հունում վաղուց գտնվում է մետաղյա մեծ խողովակ։ Դիլիջանի բնակիչները հայտնում են, որ տարիներ առաջ գետի հուն էին թափում Դիլիջան քաղաքում տեղակայված զորամասի աղբը։ Աղստեւ գետի հոսանքը, հանդիպելով մեծ թփերի, ծառերի, շեղել է իր ուղին եւ տեղ-տեղ վնասել է գետի ափերը երիզող, պաշտպանող մեծ պատը։ Դիլիջան համայնքի 2023 թվականի բյուջեն մեկ միլիարդ 187 միլիոն 137 հազար 500 դրամ է։ Դիլիջանի համայնքապետարանն այդ մեծ գումարից մի քանի միլիոն դրամ գումար չի հատկացնում զբոսաշրջային քաղաքի կենտրոնում Աղստեւի հունը մեծ ծառերից, թփերից եւ տարատեսակ աղբից մաքրելու նպատակով։
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄ
2022թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեւավորել է Իջեւան քաղաքում գործող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր կազմ։ Հին կազմի նախագահ Աիդա Սարգսյանը դարձել է հանձնաժողովի նոր կազմի անդամ։ Թիվ 38 ԸԸՀ նախագահ է ընտրվել Յուրա Բազինյանը, որը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի օգնականն է։ Յուրա Բազինյանը 2008-2015 թվականներին աշխատել է «Հայէկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ փորձագետ, 2016-2022 թվականներն աշխատել է «Կոնվերս բանկ»-ի Իջեւանի մասնաճյուղում՝ որպես փորձագետ-գնահատող, 2022թ. օգոստոսի 8-ին նշանակվել է Տավուշի մարզպետի օգնական։ Թիվ 38 ԸԸՀ նախագահի տեղակալ է նշանակվել Արման Գեւորգյանը, որը Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է։ Թիվ 38 ԸԸՀ-ի նոր կազմը գործելու է 6 տարի ժամկետով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ