ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ՝ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական Տրիեստե քաղաքում անցկացվել է ամենամյա «Երբ Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» (WHEN EAST MEETS WEST) կինոարտադրության հարթակը:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից 2023 թվականին պաշտոնական հրավերով՝ այդ հարթակին մասնակցել են հայ կինոգործիչները, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը, միջազգային բաժնի ղեկավար Նաիրա Գեւորգյանը, ինչպես նաեւ վեց հայ  կինոարտադրողներ:

WEMW-ի  ամենամյա կինոհարթակը կազմակերպվել է Տրիեստեի 34-րդ միջազգային  կինոփառատոնի օրերին (հունվարի 21-28-ը)։ Այս տարի WEMW-ի դիտակետում (Focus 2023) եղել են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Իսպանիան, Պորտուգալիան, Լատինական Ամերիկան եւ այլ երկրներ: WEMW-ը միավորում է շուրջ 40 երկրի ավելի քան 500 մասնագետի։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը WEMW-ի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրենի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) կինոկենտրոնի տնօրենի, Թեսալոնիկի միջազգային կինոփառատոնի համակարգողի, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ:  Քննարկվել են Հայ կինոյի 100-ամյակի եւ 2024 թվականին Ս. Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող  հարցեր։

WEMW Focus 2023-ի շրջանակում հունվարի 24-ին տեղի է ունեցել նաեւ պանելային քննարկում, որտեղ մասնակից երկրները ներկայացրել են իրենց կառույցները, համատեղ արտադրության ռազմավարությունները եւ միջազգային համագործակցության հիմնական առաջնահերթությունները: Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ելույթ է ունեցել ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռազմավարությունը Հայաստանի մասնակցությամբ եվրոպական համատեղ արտադրությունների ֆինանսավորման գործում» թեմայով:

Նշվում է, որ Տրիեստեի 34-րդ միջազգային  փառատոնի շրջանակում հունվարի 25-ին տեղի է ունեցել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը։ Բացի դրանից, WEMW Focus 2023-ի ներկայացմանը մասնակցած ռեժիսոր Իննա Սահակյանը «Բարս մեդիա» ընկերության «Շեքսպիրի մեղքերը» (պետական աջակցության) նախագծի համար ստացել է նաեւ Բեռլինի  կինոշուկայի մասնակցության անվճար հավատարմագրում:

«Երբ Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» կինոարտադրության հեղինակավոր հարթակին մասնակցությունը միտված է  կինոկենտրոնի միջազգային կապերի եւ գործունեության ամրապնդմանը, ինչն էլ կնպաստի հայկական կինոժառանգության, դասական եւ ժամանակակից ֆիլմերի տարածմանն ու հանրայնացմանը։

 

 

 

ՊԱՇՏՈՆԻ ԱՌԱՋԱՐԿ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կառավարական տարբեր կաբինետներում քննարկվում է ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին նոր պաշտոն տալու մասին հարցը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախկին նախարարին կառավարությունից տեսնում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդականի պաշտոնում եւ ցանկանում են այդ պաշտոնը նրան առաջարկել։

Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Վահրամ Դումանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ մասին հստակ տեղեկություն չունի եւ այս պահին ոչինչ ասել չի կարող:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո այլ պաշտոնի ակնկալիքներ ունի իշխանությունից:

 

 

 

 

Miss Instagram 2022

Տարվա սկիզբը` ամենասպասված իրադարձությամբ։ Երեւանում կայացավ Miss Facebook եւ Miss Instagram 2022 նախագծի եզրափակիչ փուլը, որն այս անգամ եւս իր շուրջն էր հավաքել բազաթիվ աղջիկների՝ պայքարելու ցանկալի տիտղոսի եւ բաղձալի մրցանակի համար։

Ամիսներ շարունակ տեւած մրցույթի թեժ ընթացքին ակտիվությամբ հետեւում էին նաեւ մեր սիրելի համաքաղաքացիները։

Global Media House ընկերության տնօրեն Տաթեւ Ավետիսյանի խոսքով՝ նախագիծն արդեն իսկ սիրված ու հետաքրքիր իրողություն է հայկական իրականության մեջ։

Նախագիծն ամեն տարի լի է նոր ու արժեքավոր իրադարձություններով։ Այս տարի եւս արդեն երրորդ տարին անընդմեջ միջազգային հեղինակավոր «Միսս Երկիր» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը ընտրվեց հենց այս նախագծից:

Նախագծի հաջող ընթացքը տպավորել էր ոչ միայն մրցույթի մասնակիցներին եւ մրցույթի ընթացքին հետեւող մեր համաքաղաքացիներին, այլեւ նախագծի շրջանակներում համագործակցող, շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություններին, որոնք շեշտում էին մրցույթի արդյունավետության ու ընձեռած հնարավորությունների մասին։

Բազմաթիվ մրցանակներ՝ հայտնի ու ճանաչված բրենդների կողմից, անակնկալներ՝ մրցույթի բոլոր մասնակիցների համար։ Շքեղ ու էմոցիաներով լի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակներն էին կրուիզային ճանապարհորդությունները Միջերկրական ծովով, որոնց եւ արժանացան Miss Facebook եւ Miss Instagram 2022 տիտղոսակիրները։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

«ՎԱՆԻ» ՆՈՐԵԿՆԵՐԸ

Չարենցավանի «Վանը» ներկայացրել է երկու նորեկների։ 23-ամյա կոլումբիացի կենտրոնական պաշտպան Խուան Դանիել Սիֆուենտես Վերգարան «Վանին» է միացել Ուրուգվայի «Ռասինգից», որի հետ նա հաղթել է Երկրորդ դիվիզիոնում եւ ստացել Պրեմիեր լիգայի ուղեգիր. հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ Մինչ այդ Դանիելը հանդես է եկել Կոլումբիայի «Ամերիկա Դե Կալիում», որի կազմում 2020 թվականին դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն։ «Վանի» մյուս նորեկը 19-ամյա եզրային կիսապաշտպան Ռենտո Բենգոն է, որն իսպանական ֆուտբոլի սան է: Հասարակածային Գվինեան ներկայացնող Ռենատոն հանդես է եկել «Վալյադոլիդի» եւ «Լա Նուսիայի» Մ-19 թիմերում:

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

Երգչուհի Քեթի Փերին խոստովանել է, որ հրաժարվել է Բիլի Այլիշի հետ համագործակցությունից։ Փերին հիշել է, որ Capital Records-ի իր գործընկերը խոսել է Այլիշի մասին. «Նա ինձ նամակ ուղարկեց հետեւյալ բովանդակությամբ. «Բարեւ, նայի՛ր այդ նորահայտ արտիստին, ես կցանկանայի, որ մենք աշխատենք նրա հետ»»։ Ըստ Փերիի՝ նա լսել է Այլիշի Ocean Eyes ստեղծագործությունը եւ այն ձանձրալի համարել։ Նա երգչուհու հետ համագործակցությունից հրաժարվելը «մեծ սխալ» է անվանել։

 

 

 

 

ՉԻ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ

Թուրինի «Յուվենտուսը» չի երկարաձգի պայմանագիրը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ. հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը։ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Դի Մարիան անցած ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Յուվենտուսին» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռանալուց հետո։ Transfermarkt-ը Դի Մարիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։

 

 

 

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2023»-Ի ԿԱՐԳԱԽՈՍԸ

Հայտնի են «Եվրատեսիլ 2023» մրցույթի կարգախոսը եւ տարբերանշանը։ Այս մասին հայտնել է «Հայաստանը՝ Եվրատեսիլում» պաշտոնական ինստագրամյան էջը։ «Միավորված երաժշտությամբ». հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը: Այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի եւ մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները եւս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների եւ միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը: «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին եւ 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին։

 

 




Լրահոս