Թագուհի Թովմասյանի հրավերով խորհրդարանում հյուրընկալվել է Սիրիայի դեսպանն ու հյուպատոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ պաշտոնական հրավերով խորհրդարանում այսօր հյուրընկալեցի Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նորա Արիսյանին և հյուպատոս՝ երրորդ քարտուղար պրն. Ահմադ Հասսան Ալատհբային։ Embassy of the Syrian Arab Republic – Yerevan

Գործընկերներիս խորին ցավակցություն հայտնեցի Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի անդառնալի հետևանքների կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Դժբախտ պատահարների հետևանքով Սիրիայում առաջ են եկել հումանիտար լրջագույն խնդիրներ. կան 1000-ից ավելի զոհեր, 100-ավոր վիրավորներ, ճակատագիրն անհայտ քաղաքացիներ և անտուն մնացած մարդիկ։ Ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները չեն գործում, Էլեկտրականությունը բացակայում է, շտապօգնության մեքենաների, բժշկական սարքավորումների պակաս կա։

Տիկին Արիսյանից հետաքրքրվեցի Սիրիայի մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ. նախնական տվյալներով ցավոք արդեն իսկ ունենք 2 զոհ, իսկ անտուն մնացած սիրիահայերը ապաստանել են հայկական եկեղեցիներում և միության սրահներում։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը՝ այս ծանր պահին Սիրիայի ժողովրդին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար։

Գործընկերներիս հայտնեցի պատրաստակամություն՝ օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ աջակցելու ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիային։

Դեսպանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը բացվել է սգո հուշամատյան, իրականացվում է դրամահավաք՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին օգնելու համար։

Սիրիայի բարեկամ ժողովրդին բոլորիս կողմից ցուցաբերված դրամական աջակցությունը կնպաստի հումանիտար իրավիճակի բարելավմանը»։




Լրահոս