Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն երկու օր է՝ խորհրդարանում ներկայացնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունները։ Այդ երկու օրերին անհնար էր Աննա Վարդապետյանին գտնել Ազգային ժողովի միջանցքներում. նա կարծես կախարդական փայտիկով հայտնվում է ԱԺ նիստերի դահլիճում եւ նույն կախարդական կերպով դուրս գալիս այնտեղից:
Լրագրողներն 2 օր է՝ փորձում էին դատախազին մոտենալ, հարցեր ուղղել, այդ թվում՝ իր կողմից ներկայացված միջնորդագրերի մասին, սակայն Աննա Վարդապետյանը մինչեւ վերջ խուսափեց առերեսվել լրագրողների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը եւ օպերատորը քննարկման ավարտին եղան ԱԺ բոլոր հնարավոր մուտքերի մոտ՝ ցուրտ եղանակին դրսում հերթափոխով սպասելով Վարդապետյանին:
Մեզ հետ դրսում Վարդապետյանին սպասում էին նաեւ նրա ծառայողական մեքենան եւ ուղեկցող թիկնապահները, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել Աննա Վարդապետյանին։ Նրա ծառայողական մեքենան այդ ընթացքում մի մուտքից մյուս մուտք էր տեղափոխվում, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն էլ վազում էր մեքենաների հետեւից՝ փորձելով գոնե մեքենա նստելիս մեկ-երկու հարց ուղղել դատախազին: Տիկին դատախազն այդպես էլ դուրս չեկավ շենքից եւ չնստեց իր ծառայողական մեքենան։ Նկատենք, որ Աննա Վարդապետյանի անվտանգության աշխատակիցները հրահանգներ էին ստանում նրա ծառայողական մեքենան տեղափոխել ԱԺ մեկ մուտքից մեկ այլ մուտք:
Երկու տարբեր մուտքերի մոտեցավ ծառայողական ավտոմեքենան, սպասեց, սակայն դատախազը չիջավ, չնստեց իր մեքենան: Ի վերջո, դատախազի ծառայողական ավտոմեքենան դուրս եկավ ԱԺ դարպասներից առանց Աննա Վարդապետյանի: Դատախազը թերեւս ավելի ուշ օդապարիկով հայտնվեց այլ մեքենայի մեջ եւ հեռացավ Ազգային ժողովի տարածքից: Բանն այն է, որ ավելի ուշ մեզ ծանուցեցին, որ դատախազը խորհրդարանում չէ, արդեն հեռացել է։
Թերեւս հարց տալը լրագրողի իրավունքն է, իսկ պատասխանելը՝ պաշտոնյայի պարտականությունը. այս ընթացքում շատ տարբեր պաշտոնյաներ ենք տեսել, սակայն պատասխանատվությունից խուսափելու համար կոպերֆիլդյան նման հնարքի կիրառումը կամ նման բեմադրություն պատրաստելը բացառիկ էր:
Թափանցիկ կառավարման ու պաշտոնավարման մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ գլխավոր դատախազն իրեն այսպես է պահում, ինչը հարիր չէ ժողովրդական արժեքներ որդեգրած երկրի բարձրաստիճան պաշտոնյային։
Մանրամասները տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան