ՏԵՍԱՆՅՈւԹ. Ավելի քան 5100 արցախցի կորցրել է աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ավելի քան 5100 քաղաքացի կորցրել է աշխատանքը կամ եկամտի միակ աղբյուրը: Միայն 300 աշխատակից հարկադիր պարապուրդի է գնացել «Մետաքսկոմբինատ» ընկերությունից: Պատճառը գազատարի արգելափակման պատճառով ջեռուցման բացակայությունն է:

Արմեն Խաչատրյան/«Մետաքսկոմբինատ» ՍՊԸ տեխնոլոգ-Փորձել ենք էլեկտրական ջեռուցիչներով կազմակերպել աշխատանքները, քանի որ արտադրամասը պարտավորություններ ունի իր վրա վերցրած, որպեսզի ավարտին հասցնենք այդ պարտավորությունները, բայց էլի հնարավոր չի եղել, քանի որ աշխատակիցների մի մասը հիվանդացել է, և որոշում ենք կայացրել դադարեցնել:

Հաջորդ խոչընդոտը հումքի ներկրումն է,-ասում է ընկերության տեխնոլոգներից Արմեն Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյան/«Մետաքսկոմբինատ» ՍՊԸ տեխնոլոգ-Հայաստանի Հանրապետությունից պետք է հումքը ներկրենք, որպեսզի արտադրամասը շարունակի իր աշխատանքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում ներկրել, ստիպված արտադրամասը փակել ենք:

Ավելի քան մեկ ամիս Մետաքսկոմբինատում հաստոցներն ու կարի մեքենաները լուռ են: 10-ից ավելի արտադրամաս ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը: Մասնագետների գնահատմամբ՝ վերսկսելու դեպքում ևս բացասական հետևանքներն անխուսափելի կլինեն, քանի որ այս իրավիճակում մրցույթի չեն մասնակցել, հետևաբար, նաև պատվերներ չեն ունենա:

Գոռ Պողոսյան/«Մետաքսկոմբինատ» ՍՊԸ տեխնոլոգ-Այդ տենդերն ապահովում էր «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի տարածքում գործող բոլոր արտադրությունների աշխատանքը մեկ տարով, իսկ ճանապարհը բացվելուն պես կունենանք խնդիրներ գործի հետ կապված: Այսինքն՝ հա, ճանապարհը բացվեց, հումքը կարողանում ենք բերել, բա որտե՞ղ ենք վաճառելու այդ հումքը:

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումից հետո գրեթե չեն աշխատում հարսանյաց սրահները:

Սեյրան Գրիգորյան/անհատ ձեռնարկատեր-Քաղաքում բացառապես հարսանիքներ չեն լինում, ոչ նշանադրություն, ոչ խնամախոսություն: Մի խոսքով՝ խնջույքներից զերծ ենք մնացել: Իսկ ինչ վերաբերում է վարսավիրական ոլորտին, որ հոսանքի պատճառով վթարային անջատումներ են լինում, որ չեն կարողանում հոսանք տան, աշխատում ենք հարմարացնել հաճախորդներին հոսանքի ժամերի հետ և քիչ աշխատում ենք: Այդ ոլորտը էլի աշխատում է:

Կառավարությունն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ծրագիր է մշակել: Դրամաշնորհ կտրամադրվի միջանցքի փակման հետևանքով տուժած, բայց աշխատողներին չկրճատած տնտեսվարողներին, նաև արտոնագրային վճարով աշխատող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս