Ադրբեջանը մեկ-երկու գործողություններով չի բավարարվելու, քայլերի ու տեղեկատվական գրոհների շղթա է մտածել. Տաթևիկ Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի ուղղությամբ»։ ՀՀ ՊՆ-ն արդեն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նման ապատեղեկատվություն տարածելը բնավ պատահական չէր, ավելին՝ այն տարածվել էր հենց այնպիսի աղբյուրի կողմից, որը անմիջական կապ ունի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ:

Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի այս ապատեղեկատվությունը մի քանի նպատակ ունի. մի կողմից այն կարող է դիտարկվել որպես հնարավոր ռիսկ՝ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների ձեռնարկման հետ կապված, մյուս կողմից էլ որպես տեղեկատվական նոր արշավ.

«Ադրբեջանը միշտ այս գործելաոճն օգտագործում է, բայց ես կարծում եմ, որ սա նաև որոշակի տեղեկատվական և դիվանագիտական, քաղաքական երկարատև խաղի մի մաս է: Ադրբեջանը շատ խիստ անհանգստացած է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման փաստով և ամեն քայլ ձեռնարկում էր սրա հետ կապված Ռուսաստանից և Իրանից բացասական արձագանք ստանալու համար: Իր հերթին իրանական կողմը հայտարարել է, որ իրենք դեմ չեն այն ուժերին, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղության ձևավորմանը և խաղաղության հետ կապված խնդիրներ լուծելուն»,-ասում է Հայրապետյանը:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն այսպիսով նպատակ ունի ցույց տալու նաև, թե Հայաստանը գաղտնի գործողությունների է գնում Իրանի հետ, այսինքն՝ երկկողմանի քաղաքականություն է վարում՝ Իրանին փորձում է տրամադրել ԵՄ դիտորդական առաքելության դեմ, իսկ ԵՄ-ին էլ փորձում է տրամադրել Հայաստանի և Իրանի դեմ, այսպիսով փորձում է նաև դուրս բերել ԵՄ դիտորդական առաքելությանը, որպեսզի գնա իր խնդիրների լուծմանը:

«Այնպես չէ, որ այդ առաքելությունը զսպող օղակ է, բայց այն կարևոր կանխարգելիչ միջոց է, բայց Ալիևը սրանից խիստ անհանգստացած է, փորձում է առաքելությունը ներկայացնել հակաիրանական և հակառուսական քողի ներքո, ներկայացնում է, թե ԵՄ առաքելության գալը գործողություն է այդ պետություններրի շահերի դեմ: Բայց ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը հստակ դիրքավորվել է հակաիրանական ճամբարում, իր բոլոր քայլերը և համագործակցություններն ուղղված են իրանական պետության դեմ, ես կարծում եմ, որ Իրանում շատ հստակ գնահատել են այդ քայլերը, Իրանի դեսպանի հարցազրույցը դրա վառ ապացույցն են:

Միևնույն ժամանակ կարևոր է, որ մենք ճիշտ աշխատենք մեր գործընկերների հետ, մինչև Ադրբեջանի նման տեղեկատվական հոսքեր տարածելը մենք խելացի աշխատանք տանենք մեր գործընկերների հետ, ցույց տանք՝ որ ինչ նպատակով է արվում, հստակ լինենք մեր գնահատականների մեջ և վստահ եմ, որ մենք կկարողանանք այս արշավը կանխել:

Բայց Ադրբեջանը մեկ-երկու գործողություններով չի բավարարվելու, վստահ եմ, Ադրբեջանը քայլերի ու տեղեկատվական գրոհների շղթա է մտածել և գնալու է այս ուղղությամբ՝ հաշվի առելով նաև, թե Արևմուտքը ի՞նչ վերաբերմունք ունի Իրանի նկատմամբ: Ուստի Հայաստանը շատ անելիք ունի թե՛ արևմտյան կողմի, թե՛ Իրանի հետ՝ խելացի և նախաձեռնողական քաղաքականություն ընդունելու առումով »,-ասաց Հայրապետյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս