«Ժողովուրդ» օրաթերթը կարճատեւ դադարից հետո շարունակում է շարքը, որում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ, այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ստել է: Այս անգամ կանդրադառնանք մի ոլորտի, որում արձանագրված «հաջողությունների» ու հաջողված պայքարի մասին իշխանությունները հաճախ են խոսում, ինչը, սակայն, հեռու է իրականությունից: Խոսքը խաղադրույքների ոլորտին է վերաբերում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել։ CivilNet-ի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ շահումով խաղերի ոլորտում, հակառակ վարչապետի պնդումներին, անկում չի գրանցվել։ Պետեկամուտների կոմիտեն, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Հայաստանում, 2022-ի հունվար-նոյեմբերի տվյալներով, ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել. սա 2021թ.-ի ամբողջ տարում գրանցված 3,9 տրլն դրամից ավելի է մոտ 36%-ով։ Այս թիվը ռեկորդային է Հայաստանի պատմության մեջ։ Կատարված խաղադրույքների ծավալը 2017-ին կազմել է 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին հատել է տրիլիոնի շեմը եւ կազմել է 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։ Հատկանշական է, որ 2022-ի 11 ամիսներին գրանցված 5,3 տրլն-ի մեջ ներառված չեն դեկտեմբերի տվյալները, հետեւապես՝ նաեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի (որոնք անցկացվել են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը ներառյալ) մեծ մասի ժամանակ արված խաղադրույքների ծավալը։ Այս թվում ներառված չեն նաեւ խաղատներում կատարված խաղադրույքները։ Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում է գրանցվել, սխալ է։ Կատարվող խաղադրույքի ծավալները փաստացի ոչ միայն չեն նվազել, այլեւ շարունակ աճում են։ Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 18-ին դուստրերի հետ այցելել էր Իրան՝ մասնակցելու «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Աննա Հակոբյանը սոցցանցերում ջանք ու եռանդ չէր խնայում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որպեսզի ցույց տա, թե ինչ «ջերմ» մթնոլորտում է անցել իր՝ Թեհրան այցը, ինչպիսի լավ ընդունելության է արժանացել այնտեղ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոչ՛ տեղի հայ համայնքը, ո՛չ էլ հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին: Տեղեկացանք, որ վարչապետի տիկինն անգամ խուսափել է այցելել հայկական եկեղեցի, որպեսզի այնտեղի հայերին չհանդիպի, փոխարենը Իրան ժամանած մյուս հյուրերի հետ այցելել է մզկիթ ու այնտեղ միջոցառումների մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ սա հատուկ վերաբերմունք է ոչ միայն Աննա Հակոբյանի, այլեւ Հայաստանից այցելած բոլոր պետական պաշտոնյաների նկատմամբ: Իրանահայերն այսպիսով իրենց դիրքորոշումն են հայտնում գործող իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության նկատմամբ, ինչի հետեւանքով Հայաստանը եւ Արցախը գրեթե ամեն օր նոր կորուստներ են կրում: «Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո երկու անգամ այցելել է Թեհրան, բազմաթիվ նախարարներ են այցելել, մի քանի ամիս առաջ Ալեն Սիմոնյանն էր այցելել, արդեն անցած շաբաթ էլ Աննա Հակոբյանը երկու դուստրերի հետ Իրանում էր, բայց այդ բոլոր այցերի ժամանակ ազգային առաջնորդարանում որեւէ այցելություն չի կազմակերպվել նրանց համար, հայ համայնքը ղեկավարող կառույցները չեն հյուրընկալել նրանց. սա հստակ ուղերձ է եղել: Ես լսել եմ նաեւ թեմական առաջնորդի կողմից, որ ինքը եւս պատրաստ չէ ընդունել այսօրվա իշխանություններին իրենց կեցվածքի ու վերաբերմունքի պատճառով, որը ցուցաբերել են պատերազմից հետո: Ինչ վերաբերում է եկեղեցի այցին, ապա դա տարբեր է. եկեղեցիների դռները բաց են, նույնիսկ օտարերկրացիները կարող են գալ, մոմ վառել. արգելքը ազգային առաջնորդարան հյուրընկալելու կապակցությամբ է եղել: Որեւէ բան չէր արգելում նրան այցելել հայկական եկեղեցի, նույնիսկ դրանից է խուսափել. հավանաբար, մտավախություն է ունեցել, որ այնտեղ քաղաքացիների կհանդիպի, որոնք կոշտ են վերաբերվելու իրեն, խուսափել է անախորժ միջադեպերից: Բայց, դրա փոխարեն, տեսանք, որ չադրայով այցելել է իսլամական սրբավայր, մասնակցել է տարբեր արարողությունների: Սպահանում Սուրբ Ամենափրկիչ վանք ու թանգարան է այցելել կարճ ժամանակով, այնտեղից մի երկու սելֆիներ է արել, բայց այնտեղ էլ համայնքը ղեկավարող կառույցներն ու եկեղեցին պատրաստ չեն եղել նրան ընդունելու»,- պատմեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով երկրորդ անձը կկալանավորվի: Ո՞վ է նա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվող պաշտոնյան զորամասի թիկունքի գծով պատասխանատուներից եւս մեկն է: Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), ինչի արդյունքում հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց: Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ուղիղ մեկ ամիս է, ինչ լուծարվել է: Խորհրդի լիազորությունները դարդարեցված համարվելուց ուղիղ մեկ ամիս անց՝ այսօր, Բրյուսովի կառավարման հարցն օդում կախված է մնում: Բանն այն է, որ, ըստ «Հիմնադրամների մասին» օրենքի, ԿԳՄՍ նախարարությունը մանեւրելու ու օրենքը տարբեր կերպով մեկնաբանելու հնարավորություն ունի: Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումը ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում»: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ»: Նշենք, սակայն, որ դեռեւս այս տարվա հունվարի 12-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ նախարարության խնդիրն այս պահին բուհի խորհուրդը կազմավորելն է: Այս մասով մեկ ամսվա ընթացքում ի՞նչ գործողություն է արել ԿԳՄՍՆ-ն. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից տեղեկացրին. «ԿԳՄՍՆ-ն, օրենքով սահմանված կարգով, քայլեր է ձեռնարկում համալսարանի բնականոն գործունեության ապահովման համար: Այս մասով առաջիկայում հայտարարություն կլինի»: Հաշվի առնելով, սակայն, խիստ «ժողովրդավար» իշխանությունների՝ բուհերի ինքնավարությունը մեղմ ասած հարվածի տակ դնելու ձեռագիրը, ապա պետք չէ բացառել, որ չնայած համալսարանում տեղի ունեցած ընտրություններին ու օրենքի տառին համապատասխան ռեկտոր ընտրելու հանգամանքին, այնուամենայնիվ, իշխանությունները Բրյուսովի համալսարանում նույնպես իրենց «սրտի ռեկտորին» են ուզում տեսնել: