ԱՀԱԶԱՆԳ. անչափահասին ճնշում են, որ ցուցմունք չտա. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը նոր հայտարարություն է տարածել՝ կապված անչափահասներին ծեծի ենթարկելու դեպքի հետ: Նա մասնավորապես գրել է.

«Քիչ առաջ ինձ է ահազանգել անչափահաս Գ. Մ.-ի փաստաբանը՝ հայտնելով, որ ՀՀ քննչական կոմիտեում անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ:

Փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ անչափահասի քննություն է, և որևէ կողմնակի անձ իրավունք չունի ներկա գտնվել: Ներկաները գոռացել են փաստաբանի վրա՝ ասելով, որ դադարեցնում են հարցաքննությունը: Խառնաշփոթ է ստեղծվել, փորձել են տարբեր կերպ ճնշել փաստաբանին և անչափահասին:

Արդյունքում դադարեցվել է հարցաքննությունը և փաստաբանը պահանջել անչափահասին տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:
Պետք է արձանագրեմ, որ անչափահասի նկատմամբ ցանկացած ոտնձգություն նշանակում է, որ ուղիղ պատասխանատու են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, քանի որ նրաք տեղյակ են տեղի ունեցած ապօրինությունների մասին, և եթե շարունակվում են դրանք, նշանակում է վերջիններս հովանավորում են, որ անչափահաս տղաները ցուցմունք չտան իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործողությունների վերաբերյալ:

Ահազանգի հետքերով շտապ հանձնարարել եմ հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել իրավիճակը և ահազանգել իրավասու մարմնին։ Կապ է հաստատվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ, որոշակիորեն ներկայացվել է ստեղծված իրավիճակը, այդ թվում նշվել է Գ. Մ.-ի փաստաբանի մտահոգությունը անչափահասին ձերբակալվածներին պահելու վայր տեղափոխելու վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի կողմից վստահեցվեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կտեղեկացվի իրավասու անձանց։

Ուշադրությամբ հետևում եմ այս խայտառակ բռնությունների շղթային»,-գրել է Թովմասյանը:




Լրահոս