ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋՏԵՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Իրանն անպայման պատասխանելու է Իսրայելի՝ իրեն ուղղված հարվածներին: Նրա համոզմամբ՝ տարածաշրջանում տեղի ունեցած գործընթացները, պայմանական ասած, երրորդ համաշխարհայինի մասին են վկայում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, տարածաշրջանն այժմ կրկին լարված է: Ինչի՞ ականատեսն ենք լինում այս օրերին:

-Կարելի է ասել՝ երրորդ համաշխարհային պատերազմի մերձավորարեւելյան ֆրոնտը, կարծես թե, ավելի է թեժանում կամ բացվում: Ակնհայտ է, որ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները,  այդ թվում՝ ռազմական, շաղկապված են միմյանց հետ, եւ այն,  ինչ տեղի է ունենում դիցուք ուկրաինական  ճակատում,  ուղիղ կամ անուղղակի կապ ունի տարածաշրջանում սառած կամ ակտիվ կոնֆլիկտների հետ: Պայմանականորեն կարող ենք ասել, որ երրորդ համաշխարհային պատերազմը ընթացքի մեջ է, եւ ակնհայտ է, որ աշխարհում կա շահերի բաժանման անջրպետ, որից այն կողմ կան տարբեր պետություններ եւ ուժային կենտրոններ: Պարզ է, որ Իրանը վաղուցվա թիրախ է, եւ հենց ինքն էլ իր կողմից ընկալվում է որպես թիրախ եւ, դրան ընդառաջ, սիստեմատիկ քայլեր միշտ արել եւ անում է: Ինչ-որ պահի այս սառած կոնֆլիկտը պետք է ակտիվացման նշաններ ցույց տար, սակայն հաշվի առնելով Իրանի ակտիվությունը՝  մենք միգուցե պետք է մի քիչ ձեռնպահ մնանք կանխատեսելուց, որ կսկսի լայնածավալ պատերազմ: Այն հարվածները, որ հասցվում են Իրանին,  կանխատեսվում է, որ նա կփորձի համարժեք պատասխաններ տալ: Դժվար է ասել՝ այն կվերածվի ուղիղ, լայնածավալ պատերազմի, թե ոչ:

-Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ու Թուրքիայի դիրքորոշման մասին ի՞նչ կարող եք ասել:

-Այն,  որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարվել են, այն, որ Ադրբեջանն անում է հայտարարություններ, որոնք իրենց քաշով ավել են Իրանի հանդեպ, ցույց է տալիս, որ այս հարցում նա, կարծես թե, պրովոկատորի եւ հրահրողի դեր ունի: Այստեղ մեկ հանգամանք էլ կա. Թուրքիան է բավականին լուռ, եւ հայտնի է, որ նրանց հարաբերությունները համարվում են կայուն: Ադրբեջանի այս հոխորտանքները նաեւ Թուրքիայի շնորհիվ են բարձրաձայնվում: Թուրք-իրանական սահմանը չի փոխվել մի քանի տարի: Շուշիի հռչակագիրը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ կա թուրք-ադրբեջանական կոնֆլիկտ եւս: Այսինքն՝ եթե Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտ լինի, Թուրքիան ավտոմատ ներգրավվելու է այդ կոնֆլիկտի մեջ՝ ըստ Շուշիի հռչակագրի: Այսինքն՝ այն, որ ասում են՝ կարող է սկսվել լայնածավալ պատերազմ, պետք է հասկանանք՝ իրոք կարող է լինել բավական լայնածավալ, որտեղ մի քանի երկրներ են լինելու մեր հարեւանությամբ՝ Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Իսրայել եւ այլն:

-Իսկ մեր կարգավիճակը ո՞րն է լինելու այս դեպքում:

-Գիտեք, մի փոքր կարող է վատ հնչել, բայց նման իրավիճակները երկու ծայրահեղություններ են առաջ բերում պետությունների համար՝ շանս՝ մանեւրելու եւ ավելի բարեհաջող քաղաքական հարթության հասնելու, եւ սպառնալիք՝ ավելի վատ հանգրվանի հասնելու, կործանվելու եւ կորցնելու: Հայաստանը հիմա այդ միջօրեականում է եւ այս լայնածավալ կոնֆլիկտի քամին ճիշտ օգտագործելու, ճիշտ կողմնորոշելու դեպքում կարող է ոչ միայն սպառնալիքների պատուհան բացել, այլ թեթեւ հնարավորությունների պատուհան: Դրա համար պետք է հմտություն, պետք է պոպուլիզմից հեռու քաղաքականություն, պետք է Արեւելքը ոսկերչական ճշգրտությամբ ընկալելու ունակություն եւ պրոֆեսիոնալիզմ: Ցավոք, թվարկածներիցս ոչ մի հմտություն այս իշխանություններին հատուկ չէ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆ ՉՍՏԱՑԱՎ

2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։

 

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի՝ ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն: ՆԳՆ ենթակա մարմիններ են դարձել Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

Այս փոփոխությունից հետո ՆԳ նախարարի չորս տեղակալներ նշանակվեցին, եւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նոր կառույցում պաշտոն չստացավ։ Նա ԱԻ նախարարի կարգավիճակը պահպանելու է եւս մի քանի ամիս, քանի որ այդպես է ամրագրված օրենքում, ինչից հետո ԱԻ նախարարության գործունեությունը կհամարվի ամբողջովին դադարեցված։

Թերեւս հենց դա է պատճառը, որ Փամբուխչյանը դեռ ակտիվ է սոցիալական ցանցերում, կատարում է ԱԻ նախարարի գործառույթներ, մասնակցում անգամ կառավարության նիստին։

Ընդգծենք՝ երբ հունվարի 28-ին երկրաշարժ գրանցվեց, եւ հանրությունը հաղորդագրության էր սպասում, կրկին Փամբուխչյանն էր ակտիվ եւ սոցցանցի իր էջում իրազեկում էր, թե ինչ է կատարվել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԻՄԵԼ Է

Իսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. որպես Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել Իսրայելի օմբուդսմենին, Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հանրային անվտանգության հանձնաժողովի ղեկավարին: Հիշեցնենք, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթեւեկությունը, ապա հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդների քաղաքավարի պատասխանից հետո ծայրահեղականներից մեկն արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին, եւ երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

 

 

ՕՐԵՆՔԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

«Սնդիկի մասին» օրենքը գլխացավանք է դարձել կոսմետիկա եւ խաղալիք ներկրողների համար: Պարզվում է, որ ներկրվող կոսմետիկան պատկան կառույցների կողմից մանրամասն զննվում է. ուզում են հասկանալ՝ ներկրված կոսմետիկան սնդիկ պարունակում է, թե ոչ: Ներկրողները ստիպված են լինում օրերով սպասել, թե, ի վերջո, իրենց ապրանքը երբ ամբողջապես կմաքսազերծվի: Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը. դրանց արտահանումը Հայաստանից եւ ներմուծումը ՀՀ արգելվում է վեց ամիս ժամկետով։ Որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: Բացի այս, «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կոսմետիկայի եւ խաղալիքի շուկան խոշորացույցի տակ է առնվելու, այսինքն՝ սերտիֆիկատ չունեցող օծանելիքակոսմետիկական արտադրանքները, խաղալիքները տեսչական մարմնի կողմից կոչնչացվեն: Տեսուչները ստուգելու են եւ տնտեսվարողից պահանջեն իրացվող արտադրանքի համապատասխանության գնահատման սերտիֆիկատը:  Տնտեսվարողն այն մինչեւ վաճառքի հանելը պետք է նախ ուղարկի հավատարմագրված լաբորատորիա. եթե փորձաքննությամբ պարզվի, որ ապրանքն անվտանգ է, ապա կարող է հանգիստ վաճառել:

 

 




Լրահոս