ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը` Հրայր Հակոբյանին: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը գործը ընդունել է վարույթ, եւ գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին: Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության եւ հասել են դատարան: Ինչով կավարտվի վեճը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանմ ասաց. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հայկական ավանդական շամպայն առաջիկայում, հնարավոր է, վաճառքի չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երեւանի շամպայն-գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել. արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են: Երջանկահիշատակ Վերսանդ Հակոբյանը կարողանում էր պահել գործարանը, նրա մահից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել»: Մեկ այլ աշխատակից էլ ահազանգեց. «Ցիստերները մոնտաժում եւ որպես լոմ վաճառում են: Դրանով գործարանը խաղող էլ է մթերել մոտ 1000 տոննա, եւ մարդիկ չգիտեն, թե այդ խաղողն ինչ են անելու, որտեղ են պահելու, որտեղ են կոնյակի սպիրտ սարքելու»: Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ Հակոբյաններին պատկանող «Գարանտ սերվիս»-ի աշխատողները եւս աշխատավարձ չեն ստացել: Նշենք, որ 2022 թվականի հուլիսին մահացել է ընկերության հիմնադիր Վերսանդ Հակոբյանը, եւ նրա մահից հետո գործարանի կառավարմամբ զբաղվում է եղբայրը՝ Հրայր Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հրայր Հակոբյանի հետ: «Ղալաթ են արել, որ նման բան են ասել: Գործարանը չի փակվելու, մենք ապրանք ենք արտահանում: Մեզ մոտ ոչ թե նորմալ է, այլ ավելի քան նորմալ է. նոր արտադրություն ենք դնում։ Մենք ցիստերները հանել ենք, որ նոր «լինյա» դնենք, այլումինե տակառները գինեգործությունից հանվել են, դրվել դրսում, ոչ թե վաճառքի համար են: Իսկ աշխատավարձը տրվում է նորմալ ժամանակին. մի քիչ ուշացում եղել է, կկարգավորենք»,- նշեց գործարանի փաստացի ղեկավարը»: Մենք կհետեւենք զարգացումներին՝ հասկանալու համար՝ արդյոք իսկապես աշխատակիցների իրավունքները չեն ոտնահարվում։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
2022 թվականի սեպտեմբերի 13-ին եւ 14-ին տեղի ունեցած պատերազմի դեպքով հարուցված քրեական գործերով մեղադրյալի աթոռին են հայտնվում նաեւ ժամկետային զինծառայողներ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մանվել Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայող, 13.09. 2022 թվականից ընդգրկված լինելով մարտական հերթապահության՝ զորամասի մարտական կիրառման շրջանում, 19.09.2022 թվականին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից. առանց համապատասխան թույլտվության թողել է մարտական կիրառման շրջանը, իսկ 21.09. 2022 թվականին՝ ժամը 17:18-ի սահմաններում, ներկայացել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:
ՄԵԿ ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Ա.Ա.-ի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի հետեւանքով վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում եւ տեղափոխվել բուժհաստատություն: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացվում են անհետաձգելի վարութային եւ ապացուցողական գործողություններ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՉԻ՞ ԿՎԵՐԱԾՎԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
Շաբաթ գիշերը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իրանի տարածքում ռազմական օբյեկտներ են խոցվել, աշխատել է հակօդային պաշտպանությունը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի Սպահան քաղաքում՝ պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստի ուղղությամբ, անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել:
Այս առթիվ ArmLur.am-ը զրուցել է իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ:
-Պարո՛ն Տոնոյան, ի՞նչ եք կարծում, Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը կարո՞ղ է լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել:
-Իրանն աշխատում է հնարավորինս չներքաշվել պատերազմի մեջ: Նման լարվածություն եղել է նաեւ 2010-ականների սկզբին, բայց, այնուամենայնիվ, այդ ժամանակ էլ պատերազմի չվերաճեց: Նույնն էլ հիմա. Իրանը կանգնած է մարտահրավերների առջեւ, բայց չեմ կարծում, որ հավանականությունը մեծ է լայնածավալ պատերազմի, հատկապես որ մինչ այս պահը դեռ վերջնականապես պարզ էլ չէ, թե որ երկիրն է իրականացրել այդ հարձակումը: Իհարկե, ամենաշատը խոսվում է Իսրայելի մասին, բայց վերջնականապես հաստատված չէ այս տեսակետը:
-Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով լարվում է: Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի չվերածվի ռազմական գործողությունների պլացդարմի, ի՞նչ քաղաքականություն մենք պետք է վարենք:
-Ցանկացած պատերազմ, որը կլինի Հայաստանի սահմանին, լրջագույն մարտահրավեր է մեզ համար: Այն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի հարեւանությամբ գտնվող ցանկացած պետության համար. առաջանալու է փախստականների խնդիր, միգրանտների ներհոսք եւ այլն: Պետությունն ինքը պետք է նման պարագայում անցնի ճգնաժամային կառավարման եւ կարողանա իրավիճակը կառավարել:
Գործողությունների համալիր ծրագիր է պետք թե՛ անվտանգության ապահովման, թե՛ հումանիտար խնդիրների մասով: Այսինքն՝ հարցը միայն մեզ չի վերաբերում. բոլոր հարեւաններն էլ նման խնդիրների բախվելու են ռազմական գործողությունների դեպքում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ