ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վանաձորում

 

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում hունվարի 28-ին կայացել է Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնությունը: «Մրցաշրջան-2023»-ի մեկնարկային մրցաշարին մասնակցել են Երեւանի, Գյումրու, Վանաձորի, Արտաշատի եւ Կապանի հավաքական թիմերի՝ 20 տարեկան եւ ավելի ցածր տարիքի շուրջ 130 մարզիկներ։

Մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի մեծահասակների տղամարդկանց եւ կանանց հավաքականների մարզիկները։ Մրցաշարին ներկա է եղել եւ հաղթողներին պարգեւատրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը։

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Տեղեկատվության տնօրինողը մերժել է տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ դա նպատակահարմար չէ։ Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Մանվել Հովհաննիսյան (20 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Ձեր՝ տեղեկատվության հարցումը ստանալով՝ տեղեկության տնօրինողը այն չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրա տրամադրումը կարող է անհարմարություն ստեղծել կամ լինել ոչ նպատակահարմար, ապա այդպիսի մերժումը անօրինական է եւ չպատճառաբանված։ Պետք է հիշել, որ տեղեկատվության տնօրինողն իրավունք ունի մերժել տեղեկատվության տրամադրումը բացառապես օրենքով սահմանված հիմքերով, որոնք հետեւյալ հինգն են՝

-տեղեկատվությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք,

-տեղեկատվության տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը,

-տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,

-տեղեկատվության տրամադրումը բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),

-տեղեկատվության տրամադրումը խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները։

Բացի վերոնշյալ հիմքերից, տեղեկատվության տնօրինողը որեւէ այլ պատճառաբանությամբ իրավասու չէ մերժել տրամադրել տեղեկատվությունը։ Ավելին՝ հստակ է այն կարգավորումը, համաձայն որի՝ տեղեկատվության տնօրինողը չի կարող մերժել տեղեկատվության տրամադրումը, եթե այն լրացուցիչ դժվարություններ է ներկայացնում իր համար կամ ստեղծում է անհարմարություններ։ Այս կարեւոր սկզբունքը ապահովում է վարչական մարմինների կամայականությունների բացառումը։ Բացի այդ, տեղեկատվության տնօրինողը պարտավոր է իր մերժման մեջ հղում կատարել օրենքի այն նորմին, որի հիմքով մերժում է տրամադրել տեղեկատվությունը։

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նմանատիպ դեպքերում կարող եք կրկին նույն տեղեկատվությունը պահանջելու հարցում ուղարկել այն տնօրինողին՝ նշելով, որ տրամադրված մերժումն անհիմն է եւ չի բխում օրենքից։ Ձեր այս երկրորդ դիմումով կարող եք մանրամասն պարզաբանել, որ, Ձեր հարցմանը ի պատասխան, անհիմն մերժում տրամադրելը խախտում է Ձեր իրավունքները, որ եթե երկրորդ անգամ եւս չտրամադրի այն, ապա կդիմեք դատարան Ձեր իրավունքների պաշտպանության նպատակով։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ                       

ՀԱՐՑ. Միջմարզային ճանապարհին թույլատրելի արագությամբ երթեւեկելիս մեքենաս վնասվել է՝ ընկնելով փոսը. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել փոխհատուցման համար:

Սամվել Թովմասյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջնահերթ անհրաժեշտ է ահազանգել Ճանապարհային ոստիկանություն 1-77 հեռախոսահամարով եւ հայտնել տեղի ունեցած վթարի մասին մանրամասներ։ Ճանապարհային ոստիկանության տեսուչները կգան դեպքի վայր, կկազմեն վթարի առաջացման սխեման, կարձանագրեն, որ վնաս է պատճառվել Ձեր ավտոմեքենային։ Անհրաժեշտ է նաեւ տեղի ունեցածի մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան վթարի պահից 40 րոպեի ընթացքում զանգահարել այն ապահովագրական ընկերություն, որտեղ ապահովագրել եք Ձեր տրանսպորտային միջոցը։ Այնուհետեւ պետք է լուսանկարահանել եւ տեսանկա­րահանել ճանապարհի այդ հատվածում առկա փոսը, մեքենայի վնասված հատվածները, որոնք հետագայում անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել ապահովագրական ընկերություն՝ խնդրելով իրականացնել Ձեր մեքենային պատճառված վնասի չափի փորձաքննություն եւ պարզել Ձեր մեքենային պատճառված վնասի չափը։ Եթե ապահովագրական ընկերությունը մերժում է իրականացնել փորձաքննությունը՝ պատճառաբանելով, որ տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային պատահար չէ, ապա Դուք կարող եք փորձաքննություն պատվիրել այլ մասնավոր փորձագիտական կազմակերպու­թյուններում։

Միաժամանակ անհրաժեշտ է պարզել, թե ում վրա է դրված ճանապարհի այդ հատվածի պահպանումը։ Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել համապատասխան մարզի ղեկավարին՝ մարզպետին՝ խնդրելով հայտնել, թե ում վրա է դրված ճանապարհի այդ հատվածի պահպանումը եւ վերանորոգման պարտականությունների կատարումը։ Եթե ճանապարհի պահպանումը դրված է մարզպետարանի վրա, ապա հենց մարզպետարան էլ պետք է դիմում ներկայացնել՝ վնասների փոխհատուցման պահանջի մասին՝ դիմումին կից ներկայացնելով այն բոլոր լուսանկարներն ու նյութերը, որոնք վերաբերում են տեղի ունեցած պատահարին։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վնասների փոխհատուցում չտրամադրելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել դատարան՝ ընդդեմ այն մարզպետարանի կամ կազմակերպության, որի վրա դրված է եղել ճանապարհի պահպանումը եւ ժամանակին վերանորոգումը։

 

 




Լրահոս