Հաագայի դատարանը Ադրբեջանի դեմ գործով առաջիկա շաբաթների ընթացքում որոշում կկայացնի: Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել եւ պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, որը 40-օրից ավելի է՝ փակ է, ինչպես նաեւ ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ երկկողմ տեղաշարժը եւ անհապաղ վերականգնել էներգիայի ամբողջական մատակարարումը: Ավելի վաղ՝ հունվարի 30-ին, Հաագայի դատարանը նաեւ Լաչինի հարցով լսումներ էր անցկացրել:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ՝ պարզելու՝ թե ինչ սպասումներ ունեն արցախցիները միջազգային հարթակներում անցկացվող այս քննարկումներից եւ Հաագայի դատարանի որոշումից:
-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ ակնկալիքներ կան՝ Հաագայի դատարանի որոշման հետ կապված, կնպաստի՞ այն Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:
-Արցախում սպասում են Հաագայի դատարանի որոշմանը. հույս ունենք, որ այն դրական արդյունք կտա: Հուսանք, որ գոնե այս անգամ գործնական քայլեր կձեռնարկվեն, որոնք տեսանելի կլինեն նաեւ մեզ համար եւ կստիպեն Ադրբեջանին բացել միջանցքը: Միանշանակ, մենք համաձայն ենք, որ միջազգային հանրության քայլերը հայտարարություններից այն կողմ չեն անցել, բայց հաշվի առնելով, որ այս անգամ դատական գործընթաց է, կարող է նաեւ գործնական քայլեր լինեն, որոնք կպարտադրեն Ադրբեջանին բացել միջանցքը: Ադրբեջանը երկու տարուց ավելի է՝ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախի հարցը լուծված է, բայց այսօր տեղի ունեցող գործընթացները փաստում են, որ Արցախի խնդիրը դեռ կա. բոլորը հասկանում են, որ ԼՂ խնդիրը լուծված չէ: Միջազգային հանրությունը խոսում է ԼՂ հիմնախնդրից. սա փաստ է, որի հետ Ադրբեջանը պետք է հաշվի նստի: Համայն աշխարհը իմացավ, որ Արցախի հիմնախնդիրն առկա է եւ լուծումներ է պահանջում, այս առումով Հաագայի դատարանում իրականացված քննարկումը կարելի է նաեւ հաջողություն համարել:
-Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից ո՛չ միայն հայկական կողմի, այլ նաեւ Ռուսաստանի հետ: Ի՞նչը կստիպի Ադրբեջանին նորից բանակցությունների դաշտ գալ:
-Եթե միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, դրանք կարող են Ադրբեջանին զսպել եւ ստիպել, որ բացի Լաչինը: Մենք համոզված ենք, որ այսօր ռուս խաղաղապահների դերն ու նշանակությունը շատ մեծ է, արցախահայությունը գնահատում է դա, խաղաղապահները շատ խնդիրներ են կարողանում լուծել, բայց Ադրբեջանը չի ուզում ոչ մի բանակցությունների մասնակցել. ինքը ԼՂ հարցը փակ է համարում: Ցավոք, նման կերպ են մտածում նաեւ Հայաստանի իշխանությունները, եւ երեւի թե ինչ-որ առումով նաեւ սա է խոչընդոտ հանդիսանում, որպեսզի միջազգային հանրությունը գործնական քայլեր ձեռնարկի: Նշենք, որ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ հանգույցը՝ Լաչինի միջանցքը, փակ է դեկտեմբերի 12-ից: Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են ճանապարհը:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումներ, պետական բյուջեի հնարավոր վատնման լրջագույն մտահոգություններ են հնչել Երեւանի ավագանու անդամի կողմից, ինչի առիթով դիմել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին: Երեւան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հրապարակել է տեղեկություն (https://bit.ly/3HobnfI , https://bit.ly/3wHWssc )՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտման մասին։ Բարձրաձայնվել է գնման գործընթացի, այդ թվում նաեւ շինաշխատանքների մրցույթներում եղած աղաղակող խախտումների մասին:
Երեւանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումների վերաբերյալ բարձրաձայնումները լուրջ մտահոգություն են առաջացնում ՀՀ պետական եւ մայրաքաղաքային բյուջեի հնարավոր վատնման վերաբերյալ։ Ընդունելով պետական իրավասու օղակների կողմից պարզաբանումների ներկայացման վերաբերյալ քաղաքացիների հանրային պահանջները, ինչպես նաեւ ընդգծելով իրեն ժողովրդավարական հռչակած Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների թափանցիկության եւ հասանելիության, ՀՀ օրենսդրության պահանջներին գնումների ընթացակարգի համապատասխանության անհրաժեշտությունը՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարից ակնկալում եմ մանրամասն տեղեկություն, թե արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը իրականացրել է քայլեր՝ վերոնշյալ հրապարակումների կապակցությամբ, եւ ինչ արդյունքներ կան:
Հուսամ՝ ՊՎԾ ղեկավարը բազմակողմանիորեն կուսումնասիրի ավագանու անդամի բարձրաձայնումները եւ իրապես օբյեկտիվ գնահատական կտա: Երեւանի փոխքաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրությունների դե ֆակտո ընտրարշավը սկսած Տիգրան Ավինյանը հատկապես պետք է բացատրի, թե թափանցիկ աշխատանքի, կոռուպցիան բացառելու եւ այլ վերամբարձ խոստումներով իշխանության եկած քաղաքական միավորն ինչու է դրժում խոստումները:
Դե իսկ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է արձագանքել այս բարձրաձայնումներին՝ քաղաքական եւ իրավական պատասխանատվության անխուսափելի վճռականությամբ: Հակառակ դեպքում կնշանակի, որ ինքն է կոռուպցիայի թիվ մեկ հովանավորը մեր երկրում»:
ՆՄՈՒՇԱՌՈՒՄ ԵՆ ԱՐԵԼ
Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացվել է նաեւ Մարգարայի կամուրջի նմուշառում: Տեղեկացանք նաեւ, որ աշխատանքային խմբի անդամները դեկտեմբերին երկու հանդիպում են ունեցել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար: Խոսքը, մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի եւ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: Այդ հանդիպման ժամանակ որոշվել էր հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Պայմանավորվել են նաեւ հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը: Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, չնայած հունվարի 1-ից այդ արգելքը վերացվել է, սակայն, ինչպես հայտնել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, դեռ գործընթացը չի մեկնարկել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել դեկտեմբեր ամսին, եւ ինչ փուլում է գտնվում հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ԱԳՆ լրատվության եւ դիվանագիտության վարչությունից պատասխանել են. «ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ աշխատանքային խմբերի մակարդակով տեղի է ունենում հուլիսի 1-ի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթաց: Այդ համատեքստում իրականացվել է նաեւ Մարգարայի կամրջի նմուշառում»:
ՈՐՈՇԵԼ ԵՆ ՆԵՂԸ ԳՑԵԼ
Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը թերեւս ամենաթեժերից է լինելու: Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 7-ին ԱԺ-ն քննարկելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն ու ընդիմությունն արդեն տեւական ժամանակ է՝ ամենայն մանրամասնությամբ պատրաստվում են այդ օրվան, պարտականությունների բաշխում են անում, ելույթներ են քննարկում, այլ կերպ ասած՝ որոշել են սուր հակագրոհներ իրականացնել այդ օրը: Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները, չնայած որոշ տարաձայնություններին, որոշել են համաձայնություն տալ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի չստացվի՝ դեմ են գնում դատախազությանը: Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է ակտիվ լինել, համոզիչ փաստերով հիմնավորել՝ ինչու են այդպես վարվում, ու ինչու են հենց հիմա որոշել ընդդիմադիրների նկատմամբ նման գործընթաց սկսել. իշխանականները օրակարգ են հանելու ընդդիմադիրների հետ կապված ողջ «արխիվը», սուր հայտարարություններով քննադատելու են ընդդիմադիրներին: Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրներն էլ իրենց հերթին «հակագրոհի» են պատրաստվում: Նրանք թեեւ սկզբում որոշել էին չմասնակցել նիստին, բայց հետո մտափոխվել են, որոշել են մասնակցել ու «նեղը գցել» ոչ միայն ՔՊ-ականներին, այլ նաեւ գլխավոր դատախազին, որը խորհրդարանում զեկուցելու եւ պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ: