««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն երեկ խորհրդարանում հետաձգվեց եւս երկու ամսով: Նկատենք, որ այս օրենքը ընդունվել է երկու տարի առաջ, եւ հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ այդ օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել բացթողումներ եւ խնդիրներ, որոնք հստակեցման կարիք ունեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նիստի ընթացքում նշել է, որ նախաձեռնության նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման նպատակով դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն ու ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելն է: Եվ, ահա, գործող օրենքով՝ արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ: Նախաձեռնությամբ առաջարկվում է հանել քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը: Լիցենզավորված անձին հնարավորություն է տրվում վերանայել քվոտաները: Որոշակի քննարկում ծավալելուց հետո պատգամավորները, հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու տնտեսվարողների կարծիքներին ծանոթանալու, ինչպես նաեւ նախաձեռնության լրամշակման անհրաժեշտությունը, առաջարկել են հետաձգել հարցի քննարկումը, ինչը զեկուցողն ընդունել է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
5 ՀԱՐՑ՝ ՄԵԿ ԺԱՄՈՒՄ
Տավուշի մարզպետարանում փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ին, նշանակված էր Տավուշի մարզխորհրդի նիստ։ Օրակարգում 2022 թվականին իրականացված եւ 2023 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրերի, Տավուշի մարզի համայնքների 2022 թվականի սեփական եկամուտների կատարողականների ամփոփման եւ 2023 թվականի տեղական բյուջեների հաստատման գործընթացի, Տավուշի մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, 2022 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2023 թվականի գարնանային զորահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին հարցերն են։ Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի վերաբերյալ նախատեսված են մարզպետարանի աշխատակազմի վարչությունների ղեկավարների եւ բաժնի վարիչների զեկույցները։ Օրակարգի հարցերը զեկուցելու, քննարկելու վերաբերյալ տրվել է ընդամենը մեկ ժամ, քանզի ժամը 18:00-ին աշխատանքային օրն ավարտվում է: Տավուշի մարզխորհդի նիստերը ժամը 17:00-ին անցկացելու նորամուծությունը մտցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ