Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար 2022 թվականը բավականին բուռն էր թե՛ ստեղծագործական, թե՛ մրցանակների, թե՛ փառատոններին մասնակցելու առումով: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ նախորդ տարի թատրոնն ունեցել է 7 առաջնախաղ: 2022 թվականին թատրոնն արժանացել էր նաեւ «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին։

 

«Այս մրցանակը տրվում է շատ հազվադեպ, դա մեծ պատիվ է, մեծ երջանկություն է թատրոնի համար: Միգուցե դա է, որ մենք շատ ոգեւորվեցինք ու նոր ծրագրերով ու գաղափարներով ենք առաջ շարժվում: Այս տարին եւս հագեցած է լինելու պրեմիերաներով: Միայն այս գարնանը հանդիսատեսին ենք ներկայացնելու 6 նոր ներկայացում»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Թատրոնի տնօրենի բնորոշմամբ՝ գարնան սկիզբն իրենց համար աննախադեպ է  լինելու: Մարտի 24-ին, 25-ին, 26-ին բեմ կբարձրանա «Բալզամինովի հարսանիքը» ներկայացումը: Այն բեմադրվում է Աստրովսկու պիեսի հիման վրա: Այս տարի լրանում է Աստրովսկու 200-ամյակը, եւ թատրոնի համար թիրախային է նրա գործերից մեկը բեմադրելը: «Բալզամինովի հարսանիքը» ներկայացման բեմադրիչը Կարեն Ներսիսյանն է:

Ապրիլի 2-ին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր կատակերգություն. «Երկնագույն կակաչների փունջը» ներկայացման բեմադրիչը Իրինա Հարությունյանն է: Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ հանդիսատեսի համար անակնկալ է սպասվում:

Ապրիլի վերջ սպասվում է եւս մեկ առաջնախաղ: Պիեսի բեմադրությունը սկսել էր երջանկահիշատակ Վահե Շահվերդյանը. ավա՜ղ, նա չկարողացավ ավարտին հասցնել աշխատանքը: Աշխատանքներն այժմ ավարտում է Սուրեն Շահվերդյանը: Մարիաննա Մխիթարյանը վստահեցնում է, որ բավականին հետաքրքիր ներկայացում է սպասվում:

Մայիսի սկզբին թատրոնը կուրախացնի փոքրիկներին. սպասվում է «Մկների ժողովը» մանկական ներկայացման պրեմիերան, որի բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է:

Մայիսի վերջին եւս մեկ ներկայացում է սպասվում: Հանդիսատեսին կներկայացվի «Զառանցանք երկուսով» ներկայացումը: Այն բեմադրում է Ելենա Վարդանյանը:

Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում սպասվում է նաեւ միջազգային փառատոններին ակտիվ մասնակցություն: Աշխատանքներ են նախատեսված նաեւ թատրոնի վերազինման ուղղությամբ:

 

 

 

 

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է

ArmLur.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ Կամերային թատրոնի դերասանների հետ կապն ընդհատվել է. պատճառը Իրանում տեղի ունեցած իրադարձություններն են: Դերասաններն այս օրերին գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում «Ֆաջր» 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:

ArmLur.am-ը ստացված տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց ռեժիսոր Արշալույս Հարությունյանի հետ, որը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դերասանների հետ ամեն ինչ նորմալ է:

«Նրանց հետ կապը չի ընդհատվել, հիմա վերադառնում են, ճանապարհին են, մոտ երկու ժամից կլինեն Հայաստանի սահմանին: Երկու ներկայացում են խաղացել եւ վերադարձել»,- նշեց մեր զրուցակիցը:

Ավելին՝ ArmLur.am-ը նկատեց նաեւ, որ վերջին օրերին, հենց այդ խնդրով պայմանավորված, դերասանները պասիվ են սոցցանցի իրենց էջերում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ

Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոնների մասնակից եւ մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին Cinema Pathe՛ 5-ում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հունվարի 30-ին «Լուկա»-ն  ցուցադրվել է նաեւ Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Պետական աջակցություն ստացած  խաղարկային  կինոնկարը՝ «Լուկա»-ն, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի եւ Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համաարտադրողն է (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանը։

Կինոնկարի երկու գլխավոր դերակատարներից մեկը դերասան Սամվել Թադեւոսյանն է։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը եւ բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ «Լուկա»-ն Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։

«Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերայի առիթով Ռոտերդամ եւ Օստենդ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը եւ հայկական կողմից՝ պրոդյուսեր Անջելա Ֆրանգյանը:

Ցուցադրությանը ներկա էին գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը:

 

 

 

ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՌԵԺԻՍՈՐ

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի առաջարկով՝ հունվարի 31-ին գեղարվեստական խորհուրդը քննարկել է ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակելու հարցը: Խորհուրդը միաձայն դրական կարծիք է տվել:

Գրիգոր Խաչատրյանը 1992 թվականին ավարտել է Անդրեյ Սախարովի անվան 69 միջնակարգ դպրոցը։ Այնուհետեւ ավարտել է թիվ 14 գեղարվեստի պետական ուսումնարանը` ստանալով հախճապակու վրա նկարիչ-կատարողի որակավորում։ 1994-1996 թվականներին ծառայել է հայոց բանակում։ 2003 թվականին ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ դրամատիկ թատրոնի ռեժիսոր (Արմեն Խանդիկյանի արվեստանոց):

1998 թվականից մինչ օրս աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան, իսկ 2004 թվականից՝ նաեւ որպես ռեժիսոր։ ԵԹԿՊԻ դրամատիկ թատրոնի դերասանի բաժնում, որպես ասիստենտ, բեմադրել է Մ. Մակդոնախ՝ «Բարձ-մարդը», Էսքիլես՝ «Քոեփորներ», Ու. Շեքսպիր՝ «Տասներկուերորդ գիշեր», Է. Վոլոդարսկի՝ «Սրիկա» ներկայացումները։ Բեմադրել է նաեւ Ու.Շեքսպիր՝ «Օթելլո», Ռ. Բելեցկի՝ «Թույն», Էվրիպիդես՝ «Բաքոսուհիներ» ներկայացումները։

Կազմակերպել եւ բեմադրել է մի շարք միջոցառումներ՝ Վարդգես Պետրոսյան – 80, Երվանդ Երզնկյան- 70, Էվելինա Շահիրյան – 75, Ավետ Տերտերյան, ՊՆ Գորիս – 2020, Հունիսի 1 /Երեխաների պաշտպանության միջազգային օր/ – 2019, ARTSAKH WINE FEST – 2018, 2019, ԱԻՆ – 22, 23, 24-ամյակներ, Զարուհի Բաբայան՝ «Զինվորի կողքին»-2013, FPWC – 2013, 2014, 2016, «Թատրոն X» – 2011, Կիմ Արզումանյան-80, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ /2010, 2012, 2018/, Դանիել Վարուժան – 125, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն /2010, 2017, 2018/, «Զարթոնք» երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոն, /2009/, ՆԳՆ 8,9 – ամյակ, /2009, 2010/, «PERNOD – RIKARD» /2008/, «JUDO» Առաջնության բացում /2007/, «Սեր եւ շուշաններ» Շուշան Պետրոսյանի մենահամերգ /2004/։ Նկարահանել է «Սահմանապահ գյուղեր» վավերագրական 16-մասանի ֆիլմաշարը։

 

 




Լրահոս