2023 թվականի հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մինչեւ 2020 թվականը խաղաղ կարգավորման ճանապարհով չի գնացել, քանի որ իմացել է՝ բանակն ուժեղ է, դաշնակիցները՝ հուսալի: «Էն ժամանակ ո՞վ ո՞ւմ կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ այն պայմաններում, երբ որ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ. պաշտոնական զեկույցներ էր դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք «ոչ մի քայլ հետ» տրամաբանությամբ գործել», – նշել էր վարչապետը: Ստացվում է՝ նա ասում է, թե այդպիսի բանակ չենք ունեցել: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է արտահայտվել ՀՀ բանակի մարտունակության եւ կարողությունների մասին: Օրինակ՝ 2020 թվականին Փաշինյանը հայտարարել էր. «Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, եւ, հետեւաբար, Հայաստանը եւ Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին»: Իսկ, ահա, 2020-ի հուլիսի տավուշյան մարտերից հետո Փաշինյանը հայտարարում էր, թե հայոց բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է, մարտերի մասնակիցներին էլ միջնորդում էր մի քանի տասնյակ «Մարտական խաչ» շքանշաններով պարգեւատրել, մեկին՝ անգամ Ազգային հերոսի կոչում տալ։ Այսինքն՝ 2020 թվականի տավուշյան մարտերից հետո՝ 44-օրյա պատերազմից առաջ, Փաշինյանը հպարտանում էր բանակով, ուժեղ լինելու մասին հայտարարություններ անում, իսկ հետո հանկարծ հայտարարեց, թե ի վիճակի չենք եղել պայքարելու եւ ուժեղ բանակ չենք ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում նոր կռվախնձոր է դարձել պատգամավորների բացակաների հարցը: Բանն այն է, որ իշխանական պատգամավորների մեծ մասը, օգտվելով հանգամանքից, որ այս օրերին նիստեր չկան, հարկ չեն համարում գալ խորհրդարան ու մասնակցել կուսակցական քննարկումներին: ՔՊ-ականների այս պահվածքը հիմար վիճակում է դրել Հայկ Կոնջորյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, որոնց ասվել է կառավարությունից, որ ի վիճակի չեն կառավարել խմբակցությունը, համախմբել պատգամավորներին: Խնդիր է դրվել, որ արտոնյալներ չլինեն, ու բոլոր ՔՊ-ականները, անկախ նրանից՝ այդ օրը նիստ կամ քննարկում կա, թե չկա, անպայման պիտի խորհրդարանում լինեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ պատգամավորների գլխին անգամ «ստուգողներ» են նշանակել, որոնք, թուղթը ձեռքին, շրջում են միջանցքներով եւ հետեւում՝ պատգամավորներից ովքեր են եկել, ովքեր՝ ոչ: Հաճախակի բացակայող պատգամավորները սկզբում խիստ նկատողություն են ստանում, իսկ շարունակելու դեպքում՝ նաեւ պատժվում: ՔՊ-ականներն այսպիսով հավանաբար ուզում են ցույց տալ, թե իրենք, ի տարբերություն ընդդիմության, շատ են աշխատում, ու կապ չունի իրենց համար՝ նիստ կա թե չկա, ամեն օր պարտաճանաչ գալիս են խորհրդարան:
Աննա Վարդապետյանը պատժում է իր դեմ դուրս եկած պաշտոնյաներին: Եվ այսպես, անցած տարի «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուներից մեկը չի կարողացել տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ նշանակվել դատախազի տեղակալ: Այս հանգամանքը խիստ զայրացրել էր Աննա Վարդապետյանին, որ նրա ցանկալի թեկնածուին կտրել են քննությունից. նա խիստ վրդովվել էր, թե ինչպես է Գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովը իր ցանկալի թեկնածուին կտրել քննությունից: Աննա Վարդապետյանը ցանկացել էր իրեն տեղակալ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանին։ Արդյունքում Գեւորգյանը դիմում էր ներկայացրել որակավորման հանձնաժողով եւ քննություն հանձնել, սակայն սեպտեմբերի 29-ին կտրվել էր քննությունից։ Գլխավոր դատախազի ցանկալի թեկնածուին կտրողներից մեկը գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից Արդարադատության ակադեմիայի ռեկտորն էր, որին Վարդապետյանը որոշել է պատժել: Այսպիսով, որոշում է կայացվել գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում:
Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացի մասով մի շարք խախտումներ են ի հայտ եկել: Պարզվում է՝ գյուղացիներին նախապես չեն իրազեկել մատակարարվող պարարտանյութի գնի մասին: Արդյունքում մինչեւ գյուղացուն մատակարարվելը սելիտրայի գինը մի քանի անգամ փոփոխվեց: Օրինակ՝ գյուղացիները մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել էին 9000 դրամ, հետո՝ 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել էին ավելացնել եւս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 9000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը պետության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացում անհամապատասխանություններ է հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը Պալատին չի ներկայացրել նաեւ սուբսիդավորման համար սահմանված 1 պարկի դիմաց սուբսիդավորման առավելագույն գնի՝ 9000 դրամի հիմնավորումները։ Չի իրականացվել պարարտանյութերի շուկայական գների ուսումնասիրություն, եւ այն չի համադրվել մատակարարների կողմից առաջարկված վաճառքի գների հետ։ Արդյունքում մատակարարների կողմից պարարտանյութի մեծածախ առեւտրի (առանձին դեպքերում՝ մինչեւ 8000 տոննա) վաճառքի գինը չի զիջել շուկայում առկա մանրածախ առեւտրի գինը՝ 1 պարկը 20.000 դրամ, իսկ առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ գինը։ Բացի այս, պարզվել է, որ մատակարարների ցանկում ներառվելու համար դիմողներից չի պահանջվել ներկայացնել մատակարարվող պարարտանյութի գնի վերաբերյալ որեւէ տեղեկություն։ Չտիրապետելով մատակարարի կողմից առաջարկվող վաճառքի գնին՝ համայնքի ղեկավարը հայտ է ներկայացրել մատակարարին պարարտանյութերի քանակի, դրա դիմաց վճարումների եւ մատակարարման ժամկետների վերաբերյալ, եւ միայն դրանից հետո մատակարարը համայնքի ղեկավարին հայտնել է պարարտանյութի վաճառքի գինը, որից հետո մատակարարվել է այն։