ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ Է ԴԻՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը եւ Ադրբեջանը հակընդդեմ հայցեր են ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, որը 40 օրից ավելի է՝ փակ է: Բաքուն էլ պահանջում է Հայաստանին պարտավորեցնել դադարեցնել, այսպես կոչված, «ադրբեջանական տարածքների ականապատումը»: Այս երկու հայցերի մասով Հաագայի դատարանը առաջիկա շաբաթների ընթացքում որոշումը կկայացնի:

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս իրողությունների շուրջ զրուցել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:

-Տիկի՛ն Սահակյան, Հայաստանի հայցը վերաբերվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: Ի՞նչ որոշում կկայացնի Հաագայի դատարանը, ի՞նչ կտա այն խնդրի լուծման մասով.

-Հայկական կողմի պահանաջները ի տարբերություն Ադրբեջանի՝ խիստ փաստարկված են, կան լուրջ հիմնավորումներ, որ շրջափակումը կապված է էթնիկ խմբի կյանքն անտանելի դարձնելու եւ Արցախը հայաթափելու քաղաքականության հետ: ՄԱԿ-ի միջազգային դատարանը նախ պետք է գնահատման արժանացնի կողմերի պահանջները, դրանց փաստարկվածությունը, ինչպես նաեւ՝ միջազգային հանրության իրավական եւ քաղաքական արձագանքը այդ խնդրին: Քաղաքականն այդքան էլ վճռորոշ չէ, բայց դատարանը իր որոշման կատարման հեռանկարը քննարկելիս ցանկանում է հասկանալ նաեւ միջազգային տրամադրվածությունը, իսկ Լաչինի միջանցքի մասով միջազգային հանրությունը սկզբունքային դիրքերից է հանդես եկել: Ես լավատես եմ եւ կարծում եմ, որ հայկական կողմի պահանջները բավարարվելու են: Չեմ բացառում, որ վերաձեւակերպումներ լինեն. պրակտիկայում հազվադեպ է լինում, երբ դատարանը նույն վերտառությամբ է բավարարում անհապաղ միջոցը, բայց բովանդակային առումով հայկական կողմն ունենալու է պահանջների բավարարում:

-Ադրբեջանն էլ իր հերթին հակափաստարկներն է իր ներկայացնում. որքանո՞վ են դրանք հիմնավորված, ի՞նչ ազդեցություն կունենան դատարանի որոշման վրա.

-Ադրբեջանն ավելի շատ սպեկուլյացիաների է դիմում: Նրանց փաստարկումների առանցքն այն է, որ Լաչինը փակած քաղաքացիները էկոակտիվիստներ են, որոնք վաղուց են գործունեություն իրականացրել, հիմա էլ ընդամենը իրավաչափ հավաքների ազատությունն են իրականացնում, մտահոգված են Ադրբեջանի բնական ռեսուրսների օգտագործման խնդիրներով, իսկ պետությունն, իբրեւ, որեւէ առնչություն չունի ակցիաների հետ: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հերքել, թե իշխանությունը ուղղորդում եւ աջակցում է այդ ակտիվիստներին. փորձում էին հերքել Լաչինի միջանցքում իրենց իրավազորությունը՝ պնդելով, որ այն համատեղ հսկվում է Հայաստանի եւ ռուս խաղաղապահների կողմից, փորձում համոզել, թե Լաչինում չկա իրավիճակի փոփոխություն, եւ եթե անգամ կա բացասական զարգացում, ապա դա չի կարող վերագրելի լինել բացառապես Ադրբեջանին: Կան նաեւ մեղադրանքներ՝ ուղղված ռուսական կողմին, որ նրանք են վերահսկում Լաչինի միջանցքը, իսկ եթե չեն ապահովում դրանով անխափան երթեւեկությունը, ապա նրանց պատասխանատվության մասին պետք է բարձրաձայնվի: Հայաստանի հասցեին եւս մեղադրանքներ կան, որ թե Հայաստանը, այսպես ասած, բոյկոտում եւ կառուցողական քննարկում չի իրականացնում մյուս կողմերի հետ, իսկ այդ քննարկումների մեջ նաեւ Լաչինի միջանցքն էր մաս դառնալու: Նրանք, սակայն, որեւէ կերպ չեն անդրադառնում իրենց երկրի պատասխանատվությանը, մերժողական հայտարարություններ են անում, ուժեղ փաստեր ու ապացույցներ չեն բերում, միայն սպեկուլյացիաների են դիմում, որոնք կարող են իրացվել խնդրին անտեղյակ անձերի կողմից, բայց վստահ եմ, որ մասնագիտական շրջանակում նրանց փաստարկները չեն կարող հաջողություն արձանագրել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ իմ գրություններին:

 

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«-Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ եմ հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։

-Մարդու իրավունքների առաջատար այս կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին մասնավորապես ահազանգել եմ Ադրբեջանի խորհրդարանի` մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զ. Օրուջի կողմից արված հայտարարության մասին՝ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու վերաբերյալ։

-Բերձորի միջանցքի արգելափակումից ի վեր գրություններիս առանցքում են եղել Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետեւանքով 120 000 արցախահայության մոտ առաջ եկած կենսական կարիքների բավարարման անհրաժեշտությանը, ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումներին եւ առհասարակ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը վերաբերող հարցերը։

-Հատուկ անդրադարձ եմ կատարել նաեւ Ադրբեջանի կողմից 19 հայ երեխաներին էմոցիոնալ եւ հոգեբանական բռնության ենթարկելու անթույլատրելի միջադեպին, որը պետք է դառնա հետաքննության առարկա իրավասու միջազգային օղակների կողմից։

Այս գրությունների կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի եւ գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն պրն. Միրոսլավ Պապայից ստացել եմ պատասխան նամակներ, որոնց համաձայն՝

-ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության ջանքերին,

-հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի (Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետեւել իրադրությանը,

-ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում եւ ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։

Շնորհակալություն եմ հայտնում ԵԽ գլխավոր քարտուղարի եւ գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակին եւ անձամբ տկն. Բուրիչին ու պրն. Պապային՝ իմ հրատապ գրություններին արձագանքելու համար։

Միաժամանակ ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելուն միտված գործուն քայլերի անհրաժեշտությունը: Դատապարտումները քիչ են, անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»-գրել է Թովմասյանը:

 

 

 

 

ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆՎԵՑ

9 ամիս անց կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմինը վերջապես ղեկավար կունենա: ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է այդ պաշտոնում նշանակել Վաղարշակ Մատինյանին: Կառավարման խորհուրդը 6 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի նրա թեկնածությանը եւ առաջարկել է ներկայացնել ՀՀ վարչապետի նշանակմանը։ Բանն այն է, որ 2022 թվականի մայիսի 7-ից մինչեւ օրս կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմինը ղեկավար չուներ: Այդ օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշյալ պաշտոնից ազատվել էր Ալեքսանդր Շագաֆյանը: Նախորդ տարի ազատումներ եղան նաեւ մի քանի այլ տեսչական մարմիններում: Նախորդ տարվա սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի աշխատակազմը որոշել է գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց «սրտի թեկնածուներին» նշանակել այդ պաշտոններում: Եվ կանխատեսել էինք նաեւ, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անձեռնմխելի է, քանի որ ՔՊ թիմից է: Եվ իրադարձություններն այդպես էլ զարգացել են, ու միայն յոթ ամիս անց որոշել են կրթության տեսչական մարմնի ղեկավար նշանակել ի վերջո: Իսկ ո՞վ է Վաղարշակ Մատինյանը, ում թեկնածությունն էլ առաջարկել է նախարար Անդրեասյանը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս պատմաբան է, «Հայոց պատմություն 7-րդ դասարան»-ի գրքի համահեղինակ, սակայն ոլորտային ստուգումների հետ որեւէ առնչություն չի ունեցել:  Նրա ընտրության հարցում, բնականաբար, որոշիչ նշանակություն է ունեցել հենց նախարար Ժաննա Անդրեասյանի տեսակետը, ով էլ առաջարկել էր նրա թեկնածությունը: Ընդ որում,  Մատինյանը միակ թեկնածուն է եղել եւ «արդար» ընտրվել:

 

 

 

 

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԵՄ

ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ երկու տարի է դռնփակ քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, մոտեցել է ավարտական փուլին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցաքննվել են գրեթե բոլոր վկաները, եւ քրեական գործն  արդեն  մոտեցել է վերջաբանին: Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Գործը մակագրվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին:




Լրահոս