ՀԱՊԿ ԱՌԱՋԱՐԿՆ ԱՐԴԻԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռեւս արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկից երկու օրվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.

 

«Առաջարկը դեռ սեղանին է, եւ եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել՝ բառացիորեն մեկ կամ երկու օրվա ընթացքում», -ՀՏրրՌÿ 24 հեռուստաալիքին եւ ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը:

Ավելի վաղ, կոշտ արձագանքելով Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն գործուղելու Բրյուսելի որոշմանը, Մոսկվան հայտարարում էր. «Եվրամիության ներկայացուցիչները կարող են միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները»:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում նշել են նաեւ, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

Ղարաբաղի ներկայացուցիչները Լաչինի հարցով օրերս հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ա. Վոլկովի մասնակցությամբ, երեկ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ Սերգեյ Լավրովը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանցի գործընկերոջ հետ, եւ պնդել է, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի. թե որն էր նման լավատեսության պատճառը, չհստակեցրեց: Խոսելով շրջափակման պատճառներից էլ, որեւէ խոսք չասաց էկոակտիվների վերաբերյալ:

«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել: Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները: Մենք շատ պարզ բան ենք առաջարկել՝ խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է, եռակողմ հայտարարության համաձայն՝ օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով: Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները՝ ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան»,- ասել էր Լավրովը:

Արդեն նախորդ շաբաթ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որի ընթացքում ՌԴ արտգործնախարարը ամփոփում էր անցած տարվա զարգացումները, Լավրովը անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններին, այդ թվում՝ Հայաստանի մասով: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դաշինքի անդամ երկրները ժամանակ առ ժամանակ միմյանցից տարբերվող տեսակետներ հայտնում միջազգային զարգացումների վերաբերյալ, Լավրովն ասաց, թե ՀԱՊԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, միանման քվեարկելու պահանջ չկա. այս համատեքստում հիշատակեց դիրքորոշումները Ադրբեջանի վերաբերյալ:

«Մեր հայ գործընկերները առաջ էին տանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունություն ապահովելու համար, եւ մենք երեւանյան գագաթնաժողովում համաձայնեցրել էինք այդ փաստաթուղթը, առաքելության չափորոշիչները, բայց այն ընդունել չհաջողվեց, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ լինի կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին: Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման մասին է, հռետորաբանության, դիրքորոշումների արտահայտման, ապա ամեն ոք իրավասու է անել ինչ ուզում է: Իսկ եթե ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա պարտադիր չէ, որ այն պայմանավորված լինի ինչ-ինչ հայտարարություններով, հատկապես՝ կոշտ», – շեշտել էր ԱԳ նախարարը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։

Հանդիպման հիմնական թեմաները եղել են Արցախում ստեղծված իրավիճակը, եւ Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով առաջացած խնդիրրները։

 

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է նախագահի խորհրդական։ Այս տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կառավարական տարբեր կաբինետներում քննարկվում է ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին նոր պաշտոն տալու մասին հարցը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախկին նախարարին կառավարությունից տեսնում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդականի պաշտոնում:

 

 

 

ԽԱՆԴԱՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Էդուարդ Աղաջանյանին կփոխարինի Սարգիս Խանդանյանը: Տեղեկությունը ArmLur.am-ին հաստատեց հենց ինքը՝ Խանդանյանը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել հունվարի 27-ին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

 

 

 

ԿՓՈԽԱՐԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին եւ «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին: ArmLur.am-ը տեղեկացավ՝ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

 

 

 

ՉԻ ԼԻՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից  Արդարադատության ակադեմիայի ռեկտորը կհանվի: Այդ փոփոխությունները նախատեսվում են «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթով: Հիմնավորման մեջ նշվում է, թե կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում: Առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր հոդվածներով, ըստ որոնց՝ անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ: Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում եւ համակարգում է մյուս դատախազների գործողությունները: Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաեւ դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների շրջանակները:

 

 

 

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ Ալմաթի: Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին եւ «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում ընդգրկված է 15 անձ, այդ թվում՝ նրա աշխատակազմի ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում ընդգրկված անդամներից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի,

– ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:  Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, վարչապետի աշխատակազմի մյուս ներկայացուցիչների եւ  նաեւ ներկայացուցչական եւ փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ղազախստան մեկնելու համար վարչապետի աշխատակազմը նաեւ հուշանվերներ է ձեռք բերել, եւ նշվում է, որ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: Հետաքրքիր է, որ հենց որոշման մեջ նշված է, որ վարչապետի տիկին Աննա Հակովյանը եւս Ղազախստան մեկնող պատվիրակության կազմում է, սակայն այդպես էլ անհայտ է մնում,  թե ինչ միջոցների հաշվին է նա ուղեկցում ամուսնուն:




Լրահոս