Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ղազախստանում, եւ այդ պատճառով ինքը չի վարել կառավարության նիստը:
Նիստի ժամանակ հաստատվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Այն պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետեւողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ եւ ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից եւ սոցիալական կարգավիճակից: Ըստ հիմնավորման՝ ԱՀԱ-ի կառավարման նպատակով ԱՀԱ-ի ներդրման նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ: Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2023 թվականին առաջին փուլում կհաստատվի ծառայությունների փաթեթը, որն արդեն իսկ մշակվել է: «Կհաստատվեն փաթեթի գները. դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք: Կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափը: 2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, եւ նրանց մատուցվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ չունենանք խառը, մասնատված համակարգ: 2024 թվականին կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ եւ կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակում ներառել նաեւ այլ ցանկացողների: 2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ որպես եւս մի կարեւոր պաշտպանության խումբ եւ պետության հոգածության շրջանակ, եւ նրանք նույնպես կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից: Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակում քաղաքացիների ներառումը մեր ֆոնդի շրջանակներում: 2027 թվականից կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ, ամբողջ բնակչության համար»,-ասել է նախարարը: Անահիտ Ավանեսյանի դիտարկմամբ՝ նման փուլային ներդրումն արդյունավետ կլինի, քանի որ այս տարիներին նախաձեռնվել են առողջապահական համակարգի կարեւորագույն բարեփոխումներ, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների բարելավմանը. «Կառավարության ծրագրով սահմանված է, որ մինչեւ 2026 թվականը մենք վերակառուցելու, կառուցելու եւ ամբողջովին վերազինելու ենք առնվազն 50 բժշկական կենտրոն: Իսկ մեր տեմպերը ցույց են տալիս, որ այս թիվը շատ ավելի մեծ է լինելու. արդեն 2023 թվականին ունենք 13 ընթացիկ շինարարություններ, 20 ամբուլատորիաների նախագծման եւ 7 բժշկական հաստատությունների նախագծման աշխատանքներ: Սրանք միայն պետության կողմից արված ներդրումներն են, կապիտալ ծախսերն են, բայց մենք ականատես ենք, որ մասնավոր հատվածը եւս ակտիվ ներդրումներ է իրականացնում, եւ այս տեմպը մեզ թույլ է տալու ունենալ համալրված, հագեցած բժշկական կենտրոններ, ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներեր»:
Տիգրան Խաչատրյանը կարեւորել է ընդունված որոշումը եւ մի քանի կարեւոր հարցեր է առանձնացրել, որոնք ամբողջական բարեփոխման առանցքն են հանդիսանալու: «Մի քանի կարեւոր ուղղություններ կան, որոնցից առաջինն այս համակարգի շահառուների շրջանակի աստիճանական ընդլայնումն է: Այսինքն՝ մենք մինչեւ այսօր հիմնականում պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակում որոշակի խմբի մարդկանց համար ենք երաշխավորված, անվճար առողջապահական ծառայություններ մատուցում կամ ապահովում: Մենք այս բարեփոխումների շրջանակում կարեւոր ենք համարում, որ բոլոր շահառու խմբերի համար մատուցվող ծառայությունների շրջանակը լինի միասնական»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանում ուղեւորափոխադրումները աճել են 47.7 տոկոսով: Նախորդ տարվա նշված ժամանակահատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 54.4 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2021-ի 11 ամիսների համեմատ զգալի նվազել են` 23 տոկոսով:
Այսինքն` նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին տաքսիներից օգտվել է 1 մլն 423 հազար 500 մարդ: Պատճառը ըստ մանագետների՝ Հայաստանում ավտոպարկի ընդլայնումն է: Մեր հանրապետությունում վերջին տարիների ընթացքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք զբաղված է մեքենա ներկրելով: Փոխարենը՝ 53.5 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները՝ հիմնականում զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից մեկնածների հաշվին:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները՝ 23.4 տոկոսով. խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Նշենք, որ մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր:
300 000 ԴՐԱՄԻ ՏՈՒԳԱՆՔ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու, ըստ որի՝ մինչեւ 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերք վաճառելու դեպքում տուգանք կնշանակվի: Իսկ տուգանքի չափը կազմում է 300.000 դրամ:
Նշենք նաեւ, որ մանկական սննդի եւ հարակից ապրանքների պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առեւտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առեւտրի կետի եւ առեւտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը եւս առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300.000 դրամ:
Ի դեպ, 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն եւ տեսաերիզներ վաճառելու դեպքում տուգանքի չափը կազմելու է 50.000 դրամ:
Իսկ ահա 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության եւ տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԱԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ
Դիլիջանի քաղաքային գրադարանի 13 աշխատողներն անցած տարվա հոկտեմբերից հարկադիր պարապուրդի մեջ են, որովհետեւ քաղաքի կենտրոնում՝ Դիլիջանի համայնքապետարանի կողքին գտնվող մշակույթի կենտրոնի շենքում, վերանորոգման աշխատանքեր էին կատարվում։ Գրադարանը տեղակայված է մշակույթի կենտրոնի շենքի երկրորդ հարկում։ Գրադարանի 13 աշխատողներից միայն տնօրենը եւ հաշվապահն են իրենց ռոճիկի չափով աշխատավարձ ստանում, մնացածները հարկադիր պարապուրդի համար ստանում են ռոճիկի 2/3-ի չափով, որը կազմում է մոտ 48 հազար դրամ։ Գրադարանի գրքերը պարկերի մեջ դրված են գրադարանում. այդ պարկերը տեսանելի են փողոցից։ Դիլիջանի գրադարանի համար նախատեսված բարեկարգ շենքը նախկինում տրվել է Թումո կենտրոնին։ Քաղաքային գրադարանի 4 ամիս փակ լինելը հարուցել է ընթերցասեր դիլիջանցիների դժգոհությունը։ Նրանք ասում են, որ քաղաքային գրադարանի տնօրենը, ով կենսաթոշակ է ստանում, ձգձգված վերանորոգման կապակցությամբ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին բողոքով չի դիմում, որովհետեւ մտավախություն ունի, որ համայնքի ղեկավարը կարող է կենսաթոշակային տարիքի պատճառով աշխատանքից ազատել իրեն եւ կենսաթոշակառու մի քանի գրադարանավարուհիների։ Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ նման խնդիր եղել է նաեւ Պապանինո թաղամասում գործող արվեստի դպրոցի պարագայում, սակայն այդ դպրոցի տնօրենը համայնքի ղեկավարից պահանջել է, որ իրենց դպրոցի վերանորոգվող տարածքի փոխարեն ժամանակավորապես այլ տարածք տրամադրեն, որպեսզի ուսումնական գործընթացը չդադարի, եւ համայնքապետը բավարարել է այդ պահանջը։
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը ինչո՞ւ է հոկտեմբեր ամսին մշակույթի կենտրոնի շենքում վերանորոգման աշխատանքներ նախաձեռնել, եթե մի քանի ամիս հետո՝ ձմռանը, դրանք երկար ժամանակով ընդհատվելու էին։
24 ԴՊՐՈՑ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ Է ՓԱՅՏՈՎ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել՝ նրան հարցնելով, թե մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներից քանիսը ինչ կերպով են ջեռուցվում։ Մարզպետարանից հայտնեցին, որ Տավուշի մարզի հանրակրթական 50 դպրոցների շենքեր ջեռուցվում են բնական գազով, 24-ը՝ վառելափայտով, 2-ը՝ էլեկտրական սարքերի միջոցով: Փայտ վառող վառարանները բազմաթիվ խնդիրներ ու անհարմարություններ են ստեղծում՝ ուսումնական օրվա սկզբին վառարանները պետք է արդեն լավ տաքացած լինեն, թաց, խոնավ վառելափայտը դժվարությամբ է այրվում, քամու դեպքում դասարանները լցվում են ծխով, փայտի այրումից հետո վառարաններից մոխիրը հարկ է հեռացնել եւ այլն։ Պետական պաշտոնյաները ամեն տարի հսկայական գումարների պարգեւավճարներ են ստանում, սակայն պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում պետական հանրակրթական դպրոցների շենքերը գազաֆիկացնելու նպատակով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ