ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստներ Նարե Մարկոսյանն ու Գոռ Սարգսյանը մրցանակով են վերադարձել «Ընկերության գավաթ» VI միջազգային հեռուստանախագծից: «Ընկերության գավաթ» հեռուստանախագիծն անցկացվել է հունվարի 26-31-ը Մինսկ քաղաքում: Նարե Մարկոսյանն ու Գոռ Սարգսյանն արժանացել են առաջին աստիճանի դափնեկրի կոչման:

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ես այլեւս չեմ ուզում լինել երաշխավոր մի վարկառուի, ով չի կատարում վճարումները։ Ի՞նչ անեմ եւ ո՞ւմ դիմեմ

Լիաննա Սերոբյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ երաշխավորը երաշխավորության պայմանագրով, վարկ վերցրած անձի հետ միասին բանկի առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել վարկային պարտավորությունը լրիվ կամ մասնակի չկատարելու դեպքերում։ Ընդ որում, բանկը կարող է վարկի մարում պահանջել ինչպես վարկ վերցրած անձից, այնպես էլ՝ երաշխավորից։ Եթե վարկառուն չի կատարում իր պարտավորությունները, ապա Դուք Ձեր երաշխավորի կարգավիճակը կարող եք դադարեցնել հետեւյալ դեպքերում.

-Դուք՝ որպես երաշխավոր, կարող եք առանց վարկառուի կամքը հաշվի առնելու վարկառուի փոխարեն վճարել նրա վարկային այն պարտավորությունները, որոնց համար երաշխավոր եք դարձել, իսկ հետո բանկին վճարած գումարի չափով պահանջ ներկայացնել վարկառուի հանդեպ։ Այդ պահանջը կարող է բավարարվել վարկառուի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ հարկադիր կարգով: Այս դեպքում բանկի կողմից գումարի նկատմամբ տույժ եւ տուգանքներ չեն հաշվարկվի, եւ որպես երաշխավորի՝ Ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքի, աշխատավարձի նկատմամբ կալանքներ չեն կիրառվի Ձեզ պատկանող գույքի վրա։ Բացի այդ, դրանով հանդերձ, չի վատթարանա Ձեր վարկային պատմությունը։ Դուք կարող եք դիմում ներկայացնել բանկին՝ խնդրելով Ձեզ փոխարինել այլ անձով։ Սակայն պետք է հաշվի առնել, որ բանկը կարող է բավարարել կամ չբավարարել ձեր դիմում-պահանջը՝  գնահատելով  տվյալ անձի գույքային դրությունը եւ այլ հնարավորությունները՝ երաշխավոր հանդիսանալու վերաբերյալ: Վարկառուն չի կարող ավելի անբարենպաստ  գույքային դրության մեջ լինել, քան Դուք, եւ չպետք է բացասական վարկային պատմություն ունենա։ Այս հանգամանքները ազդելու են բանկի կողմից որոշում կայացնելու վրա։

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ձեր առարկությունները պետք է ներկայացնեք դատարանին՝ վկայակոչելով երաշխավորության դադարելու հիմքերն ու պատճառները։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Բժշկական օգնության ժամանակ առողջությանս վնաս է պատճառվել։ Ի՞նչ կարող եմ անել եւ ո՞ւմ դիմեմ:

Ռոբերտ Գրիգորյան (19 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով Ձեզ պատճառված վնասի դեպքում կարող եք իրականանցել հետեւյալ գործողությունները.

-Հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին՝ ներկայացնելով սխալ կամ անպատշաճ բուժօգնություն ստանալու հետեւանքով Ձեզ պատճառված վնասը, այն բժշկական հաստատությունը, կոնկրետ  բժշկի տվյալները, ում կողմից բժշկական օգնություն եք ստացել եւ վնասներ կրել։

-Առաջացած խնդիրների մասին կարող եք նաեւ ահազանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ 8003 հեռախոսահամարով՝ ներկայացնելով բոլոր մանրամասները։

-Բացի այդ, կարող եք նաեւ Ձեզ պատճառված վնասների հատուցումը ստանալու նպատակով դիմել դատարան, որի համար, նախ, անհրաժեշտ կլինի հավաքագրել Ձեր առողջության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր, մասնավորապես՝ Ձեր բժշկական քարտի պատճենը, էպիկրիզների պատճենները, տեղեկանք բժշկական հաստատությունից, թե ինչ բուժում եք ստացել բժշկական հաստատությունում, երբ եւ որ բժշկի կողմից, ինչպես նաեւ փաստաթղթերը, որոնք կհիմնավորեն այն բոլոր ծախսերը, որոնք իրականացրել եք ոչ պատշաճ բժշկական օգնության հետեւանքով։ Անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելուց հետո Դուք կարող եք վնասի հատուցման պահանջ ներկայացնել բժշկական հաստատության դեմ։ Նման դեպքում Դուք պետք է դատարանում կարողանաք հմնավորել, որ Ձեր առողջությունը վատթարացել է բժշկական սխալ կամ անպատշաճ միջամտության արդյունքում։ Ձեզ պատճառված վնասի ապացուցման նպատակով էլ դատարանին կարող եք խնդրել նշանակել համապատասխան դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն դեպքում, երբ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, անձի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, առաջացնում է քրեական պատասխանատվություն։

 




Լրահոս