ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր եւ ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

 

Զեկուցողը նշեց, որ հաշվետու տարում ոստիկանությունը կատարել է իր առջեւ դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը: Վերլուծելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Վարդան Վարդանյանն արձանագրեց, որ 2022 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 24,4%-ով, ընդ որում՝ 7367 դեպքից 3602-ը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 997-ը՝ ծանր վիրավորանք հասցնելու, իսկ 743-ը՝ առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, եւ 173-ը՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն է:

Գրանցված 37 612 դեպքերի հիմնական մասը ոչ մեծ (56,6 %) եւ միջին ծանրության (27,6 %) հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ եւ կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,2 %-ը:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը: Միեւնույն ժամանակ, նվազել են սպանության (առանց հանկարծամահության դեպքերի), սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, գողության, այդ թվում՝ բնակարանային գողության, յուրացման կամ վատնման եւ տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը: Տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք: Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել եւ բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 1245 (2021 թվականին՝ 943) միավոր զենք: 2022 թվականին 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դրան զուգընթաց՝ հայտնաբերվել են 94,9 %-ով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր:

Արձանագրվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 321, եւ մարմնական վնասվածքներ է ստացել 6155 անձ: Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների թիվը նվազել է 296-ով, զոհերինը՝ 47-ով, վիրավորներինը՝ 544-ով:

2022 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1802 (2021 թվականին՝ 1771) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 709 (նախորդ տարի՝ 587) ծառայող:

 

 

 

ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՀԱՅՏՆԻ Է

Պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատուն-վարչությունը եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման եւ կանխման ուղղությամբ։

 

Օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ, եւ որոշում է կայացվել իրականացնել անձնական մաքսային զննում։

Արդյունքում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն ԻԻՀ քաղաքացի Ֆ. Ա.-ի հագուստի տակ թաքցված փաթեթներից, ինչպես նաեւ վերարկուի գրպանում առկա փաթեթներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մոտ 100 գրամ քաշով Մեթամֆետամին տեսակի եւ մոտ 344 գրամ Մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։

Հայտնաբերված թմրամիջոցները, ինչպես նաեւ այն ՀՀ տեղափոխած անձին Հարավային մաքսատուն-վարչությունն անմիջապես փոխանցել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Նույն օրը ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Տեղեկություններ են ձեռք բերվել, որ ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերված թմրամիջոցները վերջինս պետք է փոխանցի այլ անձանց Գորիս-Երեւան մայրուղու հարակից տարածքում եւ Երեւան քաղաքի տարբեր հատվածներում: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել նաեւ, որ ԻԻՀ քաղաքացու՝ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած հիշյալ թմրամիջոցները ՀՀ-ում պետք է ստանան ոմն Է. Պ.-ն եւ Ա. Թ.-ն:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մասնավորապես՝ «Վերահսկելի մատակարարում եւ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում, հիշյալ թմրամիջոցի զանգվածները մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների վերահսկողության ներքո տեղադրվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Երեւան-Արտաշատ հատվածի՝ Արտաշատ քաղաքի կամրջի հարակից տարածքում, եւ հիշյալ զանգվածները ստանալուց հետո ձերբակալվել եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ երկու քաղաքացի, ինչպես նաեւ Ուկրաինայի մեկ քաղաքացի. վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ: ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ մրցույթի շրջանակում նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների (կամ երիտասարդական միջավայր) ստեղծման նպատակով հաղթող մասնակիցներին անհատույց տրամադրել դրամական հատկացում: Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 52 մլն 644 հազար (հիսուներկու միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետեւյալ նվազագույն որակավորման չափանիշներիը՝ առնվազն 3 տարվա երիտասարդական կենտրոնի կառավարման փորձառություն (սոցիալական ձեռնարկատիրական մոդելով երիտասարդական աշխատանքի կազմակերպման փորձառության առկայությունը կդիտվի առավելություն), ծրագրի աշխատակազմի փորձառություն (ծրագրի աշխատակազմը պետք է ունենա երիտասարդական աշխատանքի 3 տարվա փորձառություն), սոցիալական ձեռնարկատիրական մոդելի առկայություն, կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ տարածք: Հաղթող մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերում յուրաքանչյուր տարվա կտրվածքով ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 200 երիտասարդ։ Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչեւ 2023 թվականի փետրվարի 20-ը՝ ժամը 11:00-ն:

 

 

 

 

ՍՏԱՑՎԵԼ Է 40 ՀԱՅՏ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,  Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին  նիստը: Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախապատրաստական աշխատանքները,  առաջիկա անելիքները: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ  Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ: Ծրագրի շրջանակում նախատեսվում են հյուրախաղեր, փառատոններ, կրթական միջոցառումներ, ձայնագրություններ, նամակների ժողովածուի հրապարակում, Արամ Խաչատրյանի մասին պատմող տարբեր անդրադարձներ, միջազգային մրցույթ, եզակի նյութերի ցուցադրություն եւ այլն:




Լրահոս