ՔՊ-Ն ԵՎ ԻՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԿԿԱՐԴԱՆ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր թեժ է լինելու: ԱԺ-ն հենց  այսօր քննարկելու է  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին  դատախազության միջնորդությունները:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ ընդդիմությունը երկար մտորումներից հետո որոշել է բոյկոտել նիստը. ինչպես Սեյրան Օհանյանն է բնորոշել, «դա կլինի մեկ գավառական դերասանի՝ ՔՊ-ի թատրոն», ուստի իրենք չեն մասնակցելու նիստին, թեեւ օրեր շարունակ պատրաստվել էին իշխանականների հետ «կռիվ տալուն»:

Ստացվում է՝ այսօր ԱԺ-ում ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի օգնական աշխատած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «բենեֆիսն» է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՔՊ-ականները հատուկ հավաքվել են ընդդիմադիրների հարցը քննարկելու եւ նոր ցուցումներ ստանալու:

Տեղեկացանք, որ ՔՊ-ականներին շատ է ուրախացրել հատկապես այն փաստը, որ ընդդիմությունը չի մասնակցելու նիստերին. ստացվում է՝ իրենց հակադարձող չի լինի, իրենք իրենցով կասեն-կխոսեն, հանրությանն էլ կներկայացնեն, որ ընդդիմադիրները վախեցել են, հակադարձելու ոչինչ չեն ունեցել, դրա համար էլ չեն եկել նիստին:

Խմբակցության երեկվա նիստին էլ ՔՊ-ականներից ոմանք փորձել են իրենց դժգոհությունը հայտնել, որ անվտանգային նման լուրջ մարտահրավերների պայմաններում  պետք չեն ավելորդ քաղաքական ինտրիգներ, բայց ՔՊ մեծամասնությունը իր գոհունակությունն է հայտնել այս առիթով եւ նշել, որ, ընդհակառակը, պետք է ավելի «խիստ» լինեն ընդդիմադիրների նկատմամբ:

 

 

 

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում Վահան Կոստանյանի նշանակումը շատ քննարկվեց եւ քննադատվեց։ Այդպիսի նշանակման պատճառներից մեկը նաեւ կադրային սովն է, որ ունեն իշխանությունները, եւ դրա վառ ապացույցը նաեւ այն թափուր հաստիքներն են, որ առկա են նախարարություններում։ Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի ՀՀ-ում առկա 13 նախարարություններից փոխնախարարների թափուր հաստիքների մասին։ Օրինակ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաստիքացուցակի՝ նախարարը պետք է ունենա նախարարի մեկ առաջին տեղակալ եւ երեք տեղակալ, սակայն ՀՀ առողջապահության նախարարության կայքի պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի միայն երկու տեղակալ։ Արդարադատության  նախարարության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը  պետք է ունենա չորս տեղակալ, սակայն ունի միայն երեքը. համենայնդեպս, մյուս փոխնախարարի տվյալները բացակայում են։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն  ունի մեկ առաջին տեղակալ եւ երկու տեղակալ, այնինչ պետք է ունենա երեք տեղակալ։ Այսինքն՝ Հայաստանում փոխնախարարների համար հարմար թեկնածուներ չկան:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ Սահմանադրական դատարանում տիրող  իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, Սահմանադրական դատարանում կա կոնկրետ  փաստաթուղթ, որտեղ արձանագրված  է, որ  հունվարի 10-ի ՍԴ աշխատակարգային նիստի ժամանակ Սեդա Սաֆարյանը  ՍԴ դատավորներին  խոստովանել  է, թե  ինչ  քայլ է արել: Արձանագրվել է, թե ՍԴ դատավորները  ինչ հարցեր  են տվել  իրեն: «Ժողովուրդ» օրաթերթին  հասած  բացառիկ  տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները հունվարի 10-ից  համարել են, որ  սկսվել է հաշվարկը, ու հենց  այդ օրվանից  իրենք  ունեն երեք  ամիս ժամանակ  դիմում  ներկայացնելու  Սեդա  Սաֆարյանի  գործողության մասով: Եվ, ահա, 3 օրից կլրանա մեկ ամիսը, սակայն  մինչ  օրս որեւէ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության  ենթարկելու  մասով դիմում չի  ներկայացրել: Դեռեւս կա  երկու ամիս, ու ոչինչ  բացառել  հնարավոր չէ: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին 168.am -ը եւ  փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկություն հրապարակեցին այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան, այսինքն՝ զբաղվել է փաստաբանությամբ: Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է օրենքով:

 

 

 

Հայաստանում սպառողական զամբյուղը, ամսական կտրվածքով, բավականին թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 77 հազար 740 դրամ՝ ամսական կտրվածքով, մինչդեռ 2021 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 71 հազար 570 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 42 հազար 21 դրամ՝ ամսական կտրվածքով, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել էր 38 հազար 687  դրամ:  «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը, 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 42 հազար 21 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրական փաստացի սպառումը, 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ՝ մսամթերքը, 18.6 գրամ՝ ձուն, 203.7 գրամ՝ բանջարեղենը, եւ այլն: Տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում գերազանցում է 350-450 դրամը, ձկնամթերքից «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը մոտ 300 դրամ է կազմում, երկու հատ ձուն ընդհանուր մինչեւ 160 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը սկսում է 150-170 դրամից: Սրան զուգահեռ՝ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է ավելի քան 31 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 75 հազար դրամ է. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը, իսկ կոմունալ վարձերի, անհրաժեշտ դեղորայքի, հագուստի ու կոշիկի մասին լռում ենք:

 




Լրահոս