ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը եւ Ադրբեջանը հակընդդեմ հայցեր են ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան:

 

Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել եւ պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, որը 50 օրից ավելի է՝ փակ է:

Այս երկու հայցերի վերաբերյալ Հաագայի դատարանը առաջիկա շաբաթների ընթացքում որոշումը կկայացնի:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:

-Պարո՛ն Իշխանյան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ որոշում կկայացնի դատարանը, եւ ի՞նչ ազդեցություն կունենա այն Լաչինի միջանցքի բացման հարցում:

-Միջազգային մակարդակում ցանկացած ոլորտում իրավական ու դիվանագիտական հաջողության գրավականը ոչ թե միջազգային իրավունքն է եւ միջազգային հանրությունը, այլ քաղաքականությունը, կողմերի ուժի գործոնը եւ միջազգային հանրություն կոչվածի աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերը: Հաագայի դատարանում քննվող գործը պետք է դիտարկել այս տեսակետից։ Հիշենք Բալկանների ճգնաժամի հետ կապված նույն Հաագայի վճիռները. դրանք միակողմանի, հակասերբական էին, կարծես մյուս կողմերը հանցանքներ չէին գործել։ Այսպես պետք է դիտարկել Հաագայում ընթացող դատավարությունը։ Ինքս դժվարանում եմ ասել, թե ինչ վճիռ կլինի. հուսանք, որ թերեւս ինչ-որ իմաստով հօգուտ մեզ կլինի։ Համոզված եմ, որ նույնիսկ նման վճիռը չի ազդի ադրբեջանական կողմի վրա, եւ Բերձորի ապաշրջափակումը կշարունակվի: Ի տարբերություն հայ «գերազանցիկ առաջադեմների»՝ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ հասկացել է տարբեր միջազգային կառույցների կողմից ընդունված որոշումների զրոյական գինը:

-Թեեւ տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ պարբերաբար կոշտ հայտարարություններ են անում, կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել Լաչինի շրջափակումը, բայց շոշափելի քայլեր այդպես էլ չեն ձեռնարկվում, օրինակ՝ սանկցիաներ: Ի՞նչն է խանգարում, որպեսզի միջազգային հանրությունը խոսքից անցնի գործի:

-Այսօր Ադրբեջանը նույն, այսպես կոչված, միջազգային հանրության կարեւորագույն գործընկերն է, հատկապես՝ էներգետիկայի բնագավառում՝ թիկունքում ունենալով նաեւ Թուրքիա, այնպես որ այդ նույն միջազգային հանրություն կոչվածը, բացի կեղծ մտահոգություններից, որեւէ լուրջ քայլ, պատժամիջոց չի կիրառի Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է իր խեղճուկրակ դիվանագիտությունը. ՀՀ արտգործնախարարը Իսլանդիայի փոխարտգործնախարարի օգնականին ներկայացրել է Լաչինի միջանցքի հետ կապված հումանիտար ճգնաժամը եւ այլն:

-Պարո՛ն Իշխանյան, ի վերջո, ո՞ւմ ձեռքում է այս ճգնաժամի հանգուցալուծման բանալին:

-Բերձորի ճանապարհի բացման բանալին գտնվում է Հայաստանում: Եթե մենք արդեն երրորդ տարին հանդուրժում ենք մեզ պարտության մատնած իշխանությանը, որը բացահայտ Արցախը համարում է Ադրբեջան, ապա ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ վերաբերմունք կլինի մեր նկատմամբ աշխարհի բոլոր երկրների կողմից. արհամարհական։ Եվ հավատացե՛ք, որ այդ նույն միջազգային հանրությունը ներքուստ կողջունի Արցախի հնարավոր հայաթափումը, բայց արտաքուստ խիստ մտահոգություններ կարտահայտի եւ հումանիտար օգնություն կտրամադրի փախստականներին։ Եթե ցանկանում ենք փրկել Արցախն ու Հայաստանը, որպես առաջին քայլ, պետք է բացել Բերձորի ճանապարհը, ապա պետք է հեռացնել Հայաստանի իշխանությանը։ Հավատացնում եմ, որ միջազգային իրավիճակի որոշակի փոփոխություն կլինի՝ հօգուտ մեզ։ Իսկ այսօր միակ հույսը մնում է Արցախի անկոտրում ոգին, ուրիշ՝ ոչինչ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՉԻ ՇՓՎՈՒՄ

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանը չի շփվում երբեմնի գործընկերների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա մեկուսացել է քաղաքական կյանքից, հեռացել գործընկերներից: Նա կապը պահում է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մեկ-երկու հավատարիմների հետ, որոնք մնացել են «Հայաստան» խմբակցության մեջ: Վարդեւանյանը հիմնականում ակտիվացել է իր նախկին աշխատանքում՝ փաստաբանական գործունեության մեջ: Ինչո՞ւ է խռովել երբեմնի գործընկերներից. «Ժողովուրդ» օրաթերթի այս  հարցին Վարդեւանյանը պատասխանեց, թե չի մեկուսացել եւ կապի մեջ է պատգամավորների հետ։

 

 

 

ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում անառողջ մթնոլորտ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ պարգեւավճարներ պահանջող 36 պատգամավորների օգնականները, որոնք իրենց ղեկավարների գիտությամբ դիմել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին՝ պարգեւավճար ստանալու պահանջով, անհարմար իրավիճակում են: Պարզվում է՝ պատգամավորներից շատերը չեն իմացել, թե ինչ ինտրիգներ են թաղված ստորագրահավաքի հետեւում, եւ հրահանգել են իրենց օգնականներին գնալ ու հետ վերցնել ստորագրությունը: Նրանք չեն ցանկացել դուրս գալ Սիմոնյանի եւ Նարիբեկյանի դեմ, բայց քանի որ այդպիսի ընթացակարգ տեխնիկապես հնարավոր չէ, գործընթացը շարունակվել է զղջացող տեքստերով միայն: Բանն այն է, որ ՔՊ պատգամավորների ստորագրահավաքն ավարտվեց Վահան Նարիբեկյանի՝ աշխատանքից ազատման դիմումով, իսկ պատգամավորներն էլ պարգեւավճար չստացան:

Ու թեեւ բոլոր կողմերը պարբերաբար տարբեր խմբերում ու զրույցներում միմյանց հորդորում են թեման փակել, բայց ամեն մամուլի հրապարակումից հետո նոր բախումների դաշտ է բացվում, եւ ՔՊ ներսում թիմին «թիկունքից խփող», «վարչապետին հարվածող» եւ այլ մեղադրանքներ են հնչում՝ դեռեւս առանց անունների:

Հիշեցնենք, որ ՔՊ շուրջ 36 պատգամավորի օգնական էր միացել ստորագրահավաքին.

1) Հայկ Կոնջորյանի

2) Արթուր Հովհաննիսյանի

3) Խաչատուր Սուքիասյանի

4) Մարիա Կարապետյանի

5) Թագուհի Ղազարյանի

6) Արուսյակ Ջուլհակյանի

7) Ծովինար Վարդանյանի

8) Զարուհի Բաթոյանի

9) Գուրգեն Արսենյանի

10) Վաղարշակ Հակոբյանի

11) Վիլեն Գաբրիելյանի

12) Հայկ Սարգսյանի

13) Հռիփսիմե Հունանյանի

14) Ալխաս Ղազարյանի

15) Արեն Մկրտչյանի

16) Էմմա Պալյանի

17) Անդրանիկ Քոչարյանի

18) Նարեկ Գրիգորյանի

19) Վիգեն Խաչատրյանի

20) Գագիկ Մելքոնյանի

21) Հայկ Ցիրունյանի

22) Արմեն Խաչատրյանի

23)  Կարեն Սարուխանյանի եւ այլոց։

 

 

 

 

ՈՐՈՇԵԼ ԵՆ ԲՈՅԿՈՏԵԼ

ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երկար քննարկումներից հետո որոշել են բոյկոտել այսօրվա՝ փետրվարի 7-ի ԱԺ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Տեղեկացանք, որ նիստը բոյկոտելու առաջարկը դաշնակցականներինն է, ու թեեւ ընդդիմադիր պատգամավորների մի մասի, այդ թվում՝ հենց Սեյրան Օհանյանի սրտով չի եղել սա, բայց, ի վերջո, պատգամավորները համաձայնել են, արդյուքում որոշվել է չգալ ու չմասնակցել նիստին:

ՔՊ-ն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միայնակ են քննարկելու Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմության անունից նախապես հայտարարությամբ հանդես կգա Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել նաեւ պատգամավոր Արմեն Չարչյանի մասով:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

2022թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ 31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ։ Դատարան ներկայացված 177 դիմում չի ընդունվել, իսկ 48-ը փոխանցվել է կառավարությանը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ տարեկան ամփոփիչ զեկույցից:

Ամենաշատ խախտված իրավունքը ազատության եւ անվտանգության իրավունքն է (7 վճիռ) եւ անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանված լինելու իրավունքը (6 վճիռ)։

2022թ. ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի դեմ գործերով միջանկյալ միջոցների կիրառման 12 միջնորդություն։ Որեւէ միջնորդություն չի բավարարվել. 7 դեպքում նման միջոցները մերժվել են։ Ազատության եւ անվտանգության իրավունքը ամենաշատ խախտված իրավունքն է (60 վճիռ), որին հաջորդում են արդար դատաքննության իրավունքը (52 վճիռ) եւ սեփականության պաշտպանության իրավունքը (37 վճիռ):

Արդեն այս տարի դատարանը Հայաստանում մարդու իրավունքների խախտման հերթական դեպքն է արձանագրել ու կառավարությանը պարտավորեցրել փոխհատուցել Ոսկանյանների ընտանիքին 12 տարի առաջ բանտում մահացած Սլավիկ Ոսկանյանի կյանքի իրավունքը խախտելու համար. հայտնում է «Ազատություն»-ը։

Վերջինս երկշաբաթյա կալանքից հետո մահացել էր Վանաձորի քրեակատարողական հիմնարկում 2010-ի հոկտեմբերին։ Նա կասկածվում էր ոստիկանության գնդապետի մորը սպանելու համար։ Եվրոպական դատարանն արձանագրել է. «Սլավիկ Ոսկանյանը բժշկական օգնություն է խնդրել։ Վեց օր անց միայն նրան հիվանդանոց տեղափոխելու որոշում է կայացվել, բայց արդեն շատ ուշ էր նրա կյանքը փրկելու համար»։

12 տարի առաջ ամուսնուն կորցրած կինը՝ Շուշանիկ Ոսկանյանը, 20 հազար եվրո կստանա պետությունից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 




Լրահոս