ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԶՐԿՎԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գալու է խորհրդարան, որպեսզի ներկայացնի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները։ Սեյրան Օհանյանի հանդեպ միջնորդությունը երեք դրվագից է, որից մեկը՝ գաղտնի։ ArmLur.am-ը ներկայացնում է, թե նորանկախ Հայաստանում քանի անգամ են գլխավոր դատախազները նման միջնորդություններով եկել խորհրդարան։

 

1996 թվականի նախագահական ընտրություններից հետո Երեւանում բազմամարդ հավաքներ ու ցույցեր էին։ Սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորների միջեւ ծեծկռտուք էր եղել։ Դրանից հետո ԱԺ-ում քննարկվեցեւ բավարարվեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելով Մուշեղ Մովսիսյանին, որը մեղադրվում էր այդ հանցագործությունն իրականացրած անձանց հետ համագործակցելու համար:

2008 թվականի մարտ 1-ի իրադարձություններից հետո՝ մարտի 4-ին, ԱԺ-ում հրավիրվել էր արտահերթ նիստ՝ քննարկելու պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը: Նրանք մեղադրվում էին զանգվածային անկարգությունների համար, որոնք ուղեկցվել են սպանությամբ եւ իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններով: Ազգային ժողովը բավարարել էր միջնորդությունը, եւ Սասուն Միքայելյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, բայց 2011 թվականին համաներմամբ ազատ արձակվել: Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը դատապարտվել էին 5 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվել 2009թ.-ին։ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2011թ.-ին, երբ նա այլեւս Հայաստանում չէր:

2012թ.-ին արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անձեռնմխելիությունից զրկվեց «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել, ըստ որի՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել էր բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները:

2018թ. հունիսին ԱԺ նիստում քննարկվեց եւ բավարարվեց գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից։

2020թ.-ի հունիսի 16-ի ԱԺ նիստում քննարկվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը, եւ խորհրդարանը քվեարկությամբ համաձայնություն տվեց դրան։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՅՑ՝ ԲԵՌԼԻՆ

Փետրվարի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։

Նա հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաեւ Գերմանիայի օրենսդիր մարմինների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։

ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա եւ ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

 

 

 

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

«Վշտացած եմ Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»,- այս մասին իր սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ՆԻՍՏԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի երեկվա նիստը գրեթե ամբողջությամբ նվիրված էր «Հայաստան» խմբակցությանը: Նախ՝ ԱԺ նիստերի օրակարգի հաստատմամբ՝ այդ խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցն էր՝ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի: Բացի այդ, նաեւ մոտ 5 կետով «Հայաստան» խմբակցության վերադասավորումներն են այս կամ այն բարեկամական խմբում, միջազգային կառույցներում:

Բանն այն է, որ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության անդամներից

Դավիթ Սեդրակյանը,

Արթուր Ղազինյանը,

Արամ Վարդեւանյանը,

Ելենա Կիրակոսյանը,

Մխիթար Զաքարյանը,

Վահե Հակոբյանը,

Հռիփսիմե Ստամբուլյանն այս ընթացքում հրաժարվեցին պատգամավորական մանդատներից, եւ նրանց փոխարինել են նոր մարդիկ՝ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակից, որոնց մեծ մասը «Դաշնակցության» քվոտայով անցած պատգամավորներ են:

Բայց, չնայած այս իրողությանը, ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ խորհրդի նիստին:

 

 

 

ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ

Ինչպես ArmLur.am-ը եւ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել էին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան կմտնի «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ: Սեյրան Օհանյանի մասով 3 միջնորդություն է ներկայացված (լուսանկարում 8, 9, 10), որից մեկը գաղտնի է՝ կապված ՊՆ զենքերի մատակարարման թեմայի հետ:

Բոլոր միջնորդությունները «Քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» են: Մեկ միջնորդություն էլ «Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» է: Նկատենք, որ երկու պատգամավորների դեպքում էլ կալանավորելու միջնորդությամբ դատախազը հանդես չի եկել: Սա նշանակում է, որ ընդդիմադիր պատգամավորները չեն կալանավորվի, այլ միայն նրանց նկատմամբ կհարուցվի քրեական գործ, կկատարվի քննություն: Ասել է թե՝ այս փուլում պատգամավորները դեռեւս միայն կզրկվեն իրենց անձեռնմխելիությունից:

Կասկած չկա, որ 71-հոգանոց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կգտնվեն պատգամավորներ, որոնք «կողմ» կքվեարկեն Չարչյանին եւ Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդությանը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազության երեք միջնորդություններից մեկը խորհրդարանում կքննարկվի փակ նիստով, քանի որ այն գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել: Մյուս երկու միջնորդություններն արդեն կքննարկվեն բաց նիստով, որի ժամանակ էլ, ԱԺ պատգամավորների մեծամասնության որոշմամբ, Օհանյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ն թեեւ վերջնական որոշում չունի այս մասով, բայց, ամեն դեպքում, մեծամասնությունը տրամադրված է համաձայնություն տալ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Պատճառն էլ այն է, որ չեն ցանկանում հակադրվել դատախազության որոշմանը:

 

 




Լրահոս