Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ:
«Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հազարամյա պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական կապերը, որոնք անշեղորեն շարունակում են զարգանալ։
Լիահույս եմ, որ առկա սերտ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ երկուստեք գործադրվող հետևողական ջանքերի շնորհիվ մոտ ապագայում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ նպաստելով մեր երկրների միջև փոխվստահության վրա հիմնված բազմաբևեռ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:
«Դարերի խորքից եկող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնահատուկ կարևորություն ունեն մեր պետության և ժողովրդի համար։
Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կայուն զարգացման ուղիով ընթացող հարաբերություններն այսուհետ ավելի մեծ բարձունքներ կնվաճեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային կայունության»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։