Միացյալ Հայաստան կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել․
«Խոր վրդովմունքով տեղեկացա ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների խոշտանգման դեպքին։ Սա արատավոր գործելակերպ է, որին, ենթադրվում է, վաղուց էր վերջ դրվել, բայց պարզվում է՝ ոստիկանության համակարգում դեռևս կան բաժիններ և օպերլիազորներ, որոնք իրենց անպատժելի և ամենազոր են կարծում։
Պետությունը՝ ի դեմս օրվա իշխանության, փաստաբանների հանդեպ գործադրված բռնությանը պետք է արձագանքի խիստ միարժեք, հստակ և հատու՝ մատնանշելով մեղավորներին, նրանց հանդեպ ծառայողական քննություն, կարգապահական պատասխանատվություն և ընդհուպ քրեական վարույթ սահմանի։ Իրավապահ համակարգը ոչ թե այն վերազանցելու, այլ մարդկանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար է։
Հույս ունեմ, որ պատկան կառույցները՝ Ներքին գործերի նախարարությունը, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, հնարավորինս արագ և ամբողջ ծավալով վեր կհանեն այս զազրելի միջադեպի հանգամանքները և կպատժեն մեղավորներին, ովքեր էլ նրանք լինեն, իսկ անմիջական պատասխանատուներին կազատեն զբաղեցրած պաշտոններից։
Հայաստանում իրավակարգը պետք է լինի անշրջելի և գերակա, իսկ իրավապահ մարմինները՝ իրավունքի գերակայության սպասարկուն։ Բոլորովին վերջերս վերստեղծված Ներքին գործերի նախարարությունը, բացի զուտ անվանապես վերափոխվելուց, պետք է իրական քաղաքական կամք ցուցաբերի՝ պատժելու իր իսկ համակարգի կարգազանցներին։ Իմ և մեր քաղաքական թիմի ուշադրությունը այս և նմանաբնույթ այլ միջադեպերին լինելու է մշտական, իսկ օրինազանց իրավապահներին պատասխանատվության կանչելու պահանջը՝ անժամկետ»։