2023թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելել է Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։
Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր է ուղղել Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե Հալեպի նահանգային իշխանությունների և թե ողջ հալեպահայ համայնքի կողմից։
Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրել է Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար հնչել է Տերունական աղոթքը։
Հանդիպման ավարտին եկեղեցում մոմավառություն է կատարվել` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։
Փրկարարական խմբի անդամներին ուղեկցել են ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։