Պետական բյուջեի կատարումը շեղվել է պլանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 7.4%-ով: Ծախսերի աճը պայմանավորված է ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերի աճերով: Ընթացիկ ծախսերի աճի տեմպը կազմել է 4.2%, իսկ կապիտալ ծախսերն աճել են 38.5%-ով՝ կազմելով 173.9 մլրդ դրամ:

Ընդ որում, ընթացիկ ծախսերի աճի տեմպն արագացել է նախորդ ամսվա համեմատ շուրջ 1.4 տոկոսային կետով, իսկ կապիտալ ծախսերինը՝ դանդաղել 3.0 տոկոսային կետով: Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերի ծավալը զգալիորեն բարձր է նախորդ տարվա մակարդակից, այնուամենայնիվ այն դեռևս էականորեն ցածր է առաջին ինն ամիսների պլանային ցուցանիշից՝ 250.4 մլրդ դրամից, և կազմում է այդ պլանի ընդամենը 69.4%-ը:

Նաև, պետական բյուջեի կատարումն է էականորեն շեղվել պլանից: Պետական բյուջեի փաստացի պակասուրդը շուրջ 262.8 մլրդ դրամով շեղվել է պլանից, որը պայմանավորված է ինչպես եկամուտների ավել հավաքագրմամբ, այնպես էլ ծախսերի թերակատարմամբ: Իհարկե, տնտեսական բարձր աճի պայմաններում հարկաբյուջետային զսպող քաղաքականության իրականացումը տեղին է, սակայն դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի թերակատարման միջոցով: Մինչդեռ նշված շեղման էական մասը՝ 76.5 մլրդ դրամը, պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ:

Ն.Հ.




Լրահոս