Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացը կկանոնակարգվի։ Վերջապես ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը որոշել է վերահսկել այս ոլորտը։ Արդյունքում շրջանառության մեջ է դրվել «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը։
Ըստ ՇՄՆ-ի՝ այս խնդրի իրականացումն անհետաձգելի և հրատապ է դարձել 2015 թվականին միջազգային մամուլում (Daily Mail) տպագրված Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների թշվառ վիճակին վերաբերող աղմկահարույց հոդվածի հրապարակումը։ Եւ արդեն 2023 թվականին՝ 8 տարի անց, Հայաստանի կառավարությունը որոշել է թույլտվության տրամադրման կարգ սահմանել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է ստեղծել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացության տրամադրող հանձնաժողով։
Իսկ թույլտվություն կտրամադրվի միայն եթե գործունեության իրականացման վերաբերյալ ծրագիր ներկայացվի, ինչը ներառում է գործնեության իրականացման նպատակը, վայրի կենդանիների քանակը, տեսակը, այդ թվում՝ լատիներեն անվանմամբ, սեռը, հնարավորության դեպքում՝ տարիքը, կենդանու ֆիզիոլոգիական բնութագիրը, յուրաքանչյուր կենդանատեսակի համար սահմանված սննդակարգերը, պահման համար նախատեսված տարածքի չափը, գործունեության իրականացման վայրը, կենդանու բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ սարքավորումների առկայությունը, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները, պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկը՝ հաստատված անասնաբույժի կողմից: Ի դեպ, թույլտվությունը տրվում է 15 տարի ժամկետով:
Իսկ առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն:
Ս․Հ․