Հայաստանը փետրվարի 11–ին հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանն անցել էին 1993-ից փակված Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
ArmLur.am-ն այս առիթով զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:
-Պարո՛ն Իսպիրյան, մեր իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանի այս հումանիտար քայլը դրական ազդակ կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ի՞նչ եք կարծում այս մասով, ինչպե՞ս սա կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա:
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ խոչընդոտ չկա, խոչընդոտն իրականում Ադրբեջանի և Հայաստանի միջև է: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացում և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ռադիկալ քայլերի չի գնում հանուն Ադրբեջանի: Նա սպասում է այն հարմար պահին, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն խաղաղության համաձայնագիրը, նոր քայլեր ձեռնարկի այս ուղղութամբ: Իսկ թե որքանո՞վ է նույնը Մարգարայով օգնություն տանելն աղետային գոտի և խաղաղության պայմանագիրը, ինչքանո՞վ կա ընդհանրություն այս գործընթացներում, բնականաբար՝ չկա, ուստի անտեղի հույսեր են, թե սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կնպաստի: Նույն կերպ մեկ տարուց ավել է՝ երկու երկրների բանագնացները երկխոսում են՝ չգիտես ինչի շուրջ, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չկա: Մինչև հիմա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բացառապես կախված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից, այդպես էլ շարունակում է մնալ:
-Պարո՛ն Իսպիրյան, տարբեր փորձագետներ տեսակետ են հնչեցնում, որ այս աղետալի երկրաշարժը և դրան հետևած գործընթացները լուրջ հարված են հասցնելու նաև այդ երկրի իշխանության, մասնավորապես՝ Էրդողանի հեղինակությանը, դուք ի՞նչ կասեք:
-Այս պահի դրությամբ նման միտում կա, որ երկրաշարժից հետո տեղի ունեցած այս իրավիճակը մեծ հարված էր Էրդողանի վարկանիշին: Երկրաշարժը բավականին մեծ տարածքներ է ընդգրկել, որոշ վայրերում երկրաշարժից շատ հետո են սկսել փրկարարական աշխատանքները, ինչի հետևանքով զոհերի քանակն ավելի շատ է եղել: Բացի սա՝ աղետի գոտում տեղի է ունենում նաև զանգվածային թալան, նույնիսկ մարդկանց ձեռքերն են կտրում ոսկու գողության համար, դիակապտությամբ են զբաղվում, մարդիկ փրկարարների շորեր են հագնում, մտնում ու տներ են թալանում: Այս ամենաթողությունը բավականին մեծ հարված է Էրդողանի վարկանիշին:
-Հասարակությունը մի այսպիսի քննադատություն է հնչեցնում մեր իշխանությունների հասցեին, որ ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիային օգնություն ուղարկելու համար կարողացան 30 տարի փակ Մարգարայի կամուրջը մեկ օրում բացել, իսկ Արցախի մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու համար այդպես էլ էական քայլեր չեն արվում: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք, արդարացի՞ են այս մեղադրանքները:
-Հասարակության էմոցիոնալ վիճակը հասկանալի է, բոլորիս համար սարսափելի է, որ 120.000 արցախցի շրջափակման մեջ է, և չենք կարողանում օգնություն հասցնել, սակայն սրանք տարբեր իրավիճակներ են: Մարգարայի սահմանը փակող չկա, Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանները ուղղակի փակ էին և օգնություն ուղարկելու համար բացեցին, իսկ Արցախում լրիվ ուրիշ իրավիճակ է, ուրիշ հարց՝ ինչո՞ւ մենք ակտիվ չենք նաև Արցախի ճանապարհի բացման հարցում, ինչո՞ւ չենք փորձում միջազգային հանրության ավելի շատ սևեռել դրա վրա: Իհարկե, քայլեր արվում են, բայց ինչպես տեսնում ենք, դրանք բավարար չեն:
Քրիստինա Մուշեղյան