Տասնյակ հազարավոր իսրայելցիներ Երուսաղեմում և Թել Ավիվում փողոց են դուրս եկել ընդդեմ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության կողմից առաջարկված երկրի իրավական համակարգի բարեփոխման օրինագծի՝ Քնեսեթում առաջին ընթերցման նախօրյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Times of Israel պարբերականը հաղորդում է, որ Երուսաղեմում Քնեսեթի դիմաց հավաքվել է առնվազն 60 հազար մարդ:
Պարբերականը նշում է, որ դեպի Երուսաղեմ հիմնական ավտոճանապարհները խցանվել են, քանի որ հազարավոր ցուցարարներ ավտոշարասյուներով փորձում են հասնել քաղաք:
Ցույցեր են տեղի ունեցել նաև Իսրայելի այլ քաղաքներում: Իր հերթին РИА Новости-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբողջ երկրում անցկացվում Է զանգվածային գործադուլ, որին, ԶԼՄ-ների գնահատումներով, մասնակցում է մինչև մեկ միլիոն մարդ։
Բազմահազարանոց բողոք Է սկսվել այսօր առավոտյան՝ Իսրայելի խորհրդարանի օրենսդրական հանձնաժողովի կողմից Նեթանյահուի կառավարության նոր դատական բարեփոխման շուրջ քվեարկության նախօրեին:
Դատական բարեփոխումն առաջին ընթերցման քննարկվելու է փետրվարի 14-ին:
Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինի կողմից հունվարի սկզբին առաջարկված բարեփոխման առաջին մասը կառավարությանը հնարավորություն կտա վերահսկողություն հաստատել դատավորների ընտրող հանձնաժողովի նկատմամբ, ինչպես նաև կսահմանափակի Գերագույն դատարանի կողմից հիմնական օրենքների նկատմամբ դատական վերահսկողությունը: