«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի քանի օր է՝ Արցախում է։ Թե ինչպես է նա այցելել բլոկադայի մեջ գտնվող Արցախ, պարզ չէ, սակայն պատերազմից հետո Բաբայանի արցախյան այցերը բուռն քննարկումների առիթ են դառնում, արցախցիների մի ստվար զանգված համոզված է, որ «կամանդույուշչին» հենց այնպես չի այցելում հայրենի Արցախ, ուրեմն ինչ-ինչ պլաններ կան։
Պատերազմից հետո հայրենակիցների հետ առաջին մասսայական շփումն անցած տարվա հոկտեմբերին էր։ Բաբայանը հոկտեմբերի 5-ին հանրահավաք անցկացրեց, այն տարընկալումների տեղիք տվեց, ոմանք զարմացած էին, որ պատերազմից հետո Բաբայանին հաջողվել էր 6-7 հարյուր մարդ հանել հրապարակ, այն դեպքում, երբ ի պաշտոնե համարվում էր իշխանությունների «հանցակիցը»։ Ոմանք կատարյալ ձախողում էին համարում այդ ցուցանիշը եւ գուժում արցախյան երբեմնի կուռքի քաղաքական անփառունակ վախճանի մասին։ Ամիսներ անց Բաբայանը դարձյալ Արցախում է, իսկ նպատակների մասին կրկին տարբեր վարկածներ կան։
Ասում են՝ առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետեւանքներով։ Մյուս վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել։ Բաբայանի հայտնվելն Արցախում պետք է դիտարկել այս համատեքստում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում