Այսօր՝ փետրվարի 14-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել Արցախում շրջափակման ընթացքում ծնված փոքրիկներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ օրհնված խաչերի հանձնման արարողություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ծնված 215 երեխաներից շուրջ 100-ն է այսօր ստացել իր խորհրդանշական խաչը, մնացած նորածիններն իրենց օրհնված նվերը կստանան առաջիկա օրերին։
Արարողությունը մեկնարկել Է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնանքի խոսքով՝ Տյառնընդառաջի տոնին մատուցված սուրբ պատարագից հետո:
«Երբ Քրիստոսը դարձավ 40 օրական, նրան բերեցին տաճար: Եվ, կարգի համաձայն, երբ երեխայի 40 օրն Է լրանում, ծնողները պարտավոր են նրան բերել եկեղեցի, որպեսզի փոքրիկը օրհնություն ստանա: Հազարամյակներ շարունակ եկեղեցին այս կանոնը կատարում է: Եվ մենք, սովորելով մանուկ Հիսուսից այս ձևաչափը, փորձում ենք մեր հավատացյալներին, իրենց զավակներին բերել եկեղեցի, որպեսզի այդ տարիքից նրանք ճանաչեն Քրիստոսին, ընդունեն քրիստոնեությունը և հոգով ընկալեն այն ճշմարտությունը, որ Աստված մեզ փոխանցեց: Այսօր ազգային մեծ բարերար, եկեղեցու նվիրյալ Գագիկ Ծառուկյանի կողմից շրջափակված Արցախում ծնված երեխաներին հանձնում ենք օրհնված տերունական խաչեր, որոնք կրելով, մեր մանուկներն իրենց հասունության տարիքում կընկալեն ու կզգան, թե ինչպիսի անհատներ է ունեցել հայ ազգը: Տերը պահապան լինի մեր երեխաներին»,-նշել է Արցախի թեմի առաջնորդը:
Նորածին Արիաննայի մոր` Գոհար Մանուչարյանի խոսքով` բարերար Գագիկ Ծառուկյանի ցուցաբերած ուշադրությունը արցախցի մայրերի համար այս ծանր ժամանակներում ուժ ու հույս է ներշնչում։ «Դուստրս մեր տան երկրորդ երեխան է, ծնվել է դեկտեմբերի 26ին:
Բոլոր մայրերի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Ծառուկյան ընտանիքին։ Համոզված եմ, որ միմյանց հանդեպ մեր նվիրումն Աստված աննկատ չի թողնի»,-ընդգծել է նորածնի մայրը։
Հունվարի 1-ին ծնված փոքրիկ Դավիթի մայրը՝ Յուլյա Եսայանը, մեզ հետ զրույցում կարևորել է ազգային մեծ բարերարի հայրենանվեր նախաձեռնությունը:
«Այսօր, առավել քան երբևէ, մենք ունենք նման բարի գործերի կարիք: Շատ շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանին ու նրա ընտանիքին այս խորհրդանշական քայլի համար»,- ասել է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Արցախում շրջափակման ժամանակ ծնված երեխաները իր ընտանիքի կողմից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր: