Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Թուրքիա: Անկարայում Արարատ Միրզոյանը հանդիպում կունենա Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ ՝ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Թուրքիայի ԱԳՆ–ն ևս անդրադարձել է Արարատ Միրզոյանի այցին՝ նշելով, որ Մարաշի երկրաշարժից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գալիս է Թուրքիային ցավակցություն եւ համերաշխություն հայտնելու համար:
ArmLur.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշում է՝ իր համար անհասկանալի է Հայաստանի իշխանությունների չափից ավելի ակտիվությունն այս հարցում, փորձագետը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է զուսպ լինեին.
«Այս ամենը ինձ համար ջայլամային դիվանագիտության դրսևորում է, կտեսնենք՝ ի՞նչ արդյունք կլինի, բայց զուսպ լինելն ամենակարևորն է, որ այս իշխանությունները պետք է ցուցաբերին, քանի որ հարցը շատ զգայուն է և մի քանի շերտ ունի, քաղաքական հիշողության պակասով պետք չէ տառապել»,-ասում է նա:
Քրիստինա Մուշեղյան