ՀԵՏԻՆ ԹՎՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես դեռ ամիսներ առաջ կանխատեսել էինք, նախօրեին Ադրբեջանն ընտրվեց  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Դա նշանակում է, որ առաջիկա երկու տարիներին կտրուկ բարձրանալու է Ադրբեջանի քաղաքական կշիռը, քանի որ թեկուզ ոչ մշտական անդամի կարգավիճակով, Ադրբեջանը մասնակցելու է ԱԽ կարեւորագույն որոշումների քննարկմանը` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Էլ չասած այն մասին, որ Ադրբեջանը կանի ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ի` մինչ այդ ընդունված ադրբեջանամետ 4 բանաձեւերին ավելանան նոր` առավել կոշտ ձեւակերպումներով փաստաթղթեր: Իսկ այս ընթացքում ինչո՞վ էին զբաղված Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները եւ ի՞նչ քայլեր ձեռնարկեցին Ադրբեջանի ընտրությունը ձախողելու ուղղությամբ: Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ ոչ մի: Ավելին, հայկական «նախաձեռնողական» դիվանագիտության կարմրաթուշ ղեկավարն իր իսկ ձեռքով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց` որոշելով, որ Հայաստանին պետք չէ առաջադրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամի քվեարկությանը: Բնականաբար, Հայաստանի առաջադրվելն ինքնին չէր նշանակում, որ Ադրբեջանը չի ընտրվի, բայց այդպիսով հայկական կողմը գոնե առնվազն կդժվարացներ այդ գործընթացը: Սակայն ինչպես արդեն հասցրել ենք համոզվել, Էդվարդ Նալբանդյանը  գերադասում է ոչինչ չանել` պատճառաբանելով, թե մեկ է, չէր ստացվելու: Մինչդեռ Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելը լուրջ դիվանագիտական ձախողում է, որի համար ՀՀ արտգործնախարարությունը պետք է պատասխան տա: Երեկ, ի դեպ, նման հարցադրմամբ է հանդես եկել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` շեշտելով, որ Ադրբեջանին արդեն իսկ իր աջակցությունն է խոստացել Թուրքիան, շնորհավորել են ԱՄՆ պետքարտուղարությունն ու ՌԴ ԱԳՆ-ն. «Մենք կարող ենք համոզել ինքներս մեզ, որ Ադրբեջանի ընտրությունն իրեն ոչինչ չի տա, իսկ Անվտանգության խորհրդում տեղը Բաքուն ընդամենը գնել է: Բայց 155 երկրների նախագահներին եւ վարչապետերին գնելն այնքան էլ հեշտ չէ: Շատ ցանկալի կլիներ իմանալ, թե ինչ համարժեք քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանի արտգործնախարարությունը, բացի Բան Կի Մունին ամեն շաբաթ նամակ գրելուց»: Իսկ մի ժամանակ Նալբանդյանի հրաժարականը կիսապահանջող դաշնակցական, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ էլ` «այս մարտավարությունը նշանակեց պարզապես ձեռքերը լվանալ եւ մի կողմ քաշվել: Մենք հիմա նախաձեռնություն ասվածը դա ենք հասկանում»: Մեր կողմից հավելենք, որ շատ ցանկալի կլիներ իմանալ նաեւ մեկ այլ բան. ինչո՞ւ էին լռում մեր հարգարժան պատգամավորներն այն ժամանակ, երբ Հայաստանը  հայտարարեց իր առաջադրվելուց հրաժարվելու մասին: Ինչո՞ւ, օրինակ, նույն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ինքն էլ «ձեռքերը լվաց եւ մի կողմ քաշվեց»: Իսկ հիմա, հետին թվով, շատ հեշտ է վերամբարձ դատողություններ անելն ու քննադատելը:




Լրահոս