ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ նախկին իշխանավորներից ովքեր են եղել Թուրքիայում և ինչ հանդիպումներ են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Թուրքիայում է, որտեղ նաեւ հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարություններով և վերահաստատել Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը։

ArmLur.am-ը համառոտ կներկայացնի, թե նորանկախ Հայաստանի պատմության մեջ ինչ ընթացք են ունեցել հայ-թուրքական հարաբերությունները և ինչ փոխայցեր են եղել: 1990-ականներին Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ առանց որևէ քաղաքական զիջման և առանց նախապայմանների պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: 1991 թ. դեկտեմբերի 16-ին Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում:

1995 թ. հոկտեմբերին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Նյու Յորքում էր, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի հիսունամյակին նվիրված հոբելյանական հավաքին: Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում Տեր-Պետրոսյանը հանդիպեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ: Հայաստանի անկախացումից հետո դա Հայաստանի ու Թուրքիայի նախագահների առաջին հանդիպումն էր: Մինչ այդ՝ 1993թ. ապրիլին Տեր-Պետրոսյանը Թուրքիայում մասնակցել էր Թուրղութ Օզալի թաղման արարողությանը:

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը վերհիշում է. «1993թ. Թուրքիան արդեն ամբողջովին փակել էր սահմանը Հայաստանի հետ, իսկ 1994թ. մայիսին զինադադար էր հաստատվել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Սակայն իրավիճակը ռազմաճակատում շարունակում էր լարված մնալ: Լարված մթնոլորտ էր նաեւ Տեր-Պետրոսյան–Դեմիրել հանդիպման առաջին իսկ պահից: Լեւոն Տեր-Պետրոսյանը, գործի դնելով թուրքերենի իր իմացությունը, մի քանի բառ փոխանակեց Դեմիրելի հետ՝ որոշակիորեն փոխելով մթնոլորտը: Սակայն, երբ սկսվեցին քննարկումները բուն թեմայի շուրջ, լարվածությունը գնալով աճեց»:

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս: Հաջորդող տարիներին նա շարունակում էր հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին:

1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Հայաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են երկու անգամ։  Առաջինը տեղի ունեցավ 1998թ. հունիսի 5-ին Յալթայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում, իսկ երկրորդը` 1999թ. նոյեմբերին Ստամբուլում, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Այս երկու հանդիպումները ոչնչով չէին տարբերվում Տեր-Պետրոսյան–Դեմիրել հանդիպումից. չէին փոխվել ո՛չ Դեմիրելի մտածելակերպը, ոճն ու մոտեցումները, ո՛չ էլ հայկական կողմի պատասխանները:

Այդ ընթացքում նախկին նախարար Օսկանյանը կրկին հանդիպումներ է ունեցել իր  թուրք գործընկերների` հիմնականում արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի հետ: «Այս հանդիպումներին եւս նշույլ անգամ չկար, որ Թուրքիան ցանկություն ունի Հայաստանի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ բացել սահմանը. թուրքերն այդ ամենը կապում էին միայն ու միայն Ղարաբաղի հարցի հետ:2002թ. Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունեցավ. խորհրդարանական ընտրություններում հաղթեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը: Սկզբնական շրջանում Աբդուլլահ Գյուլը նշանակվեց վարչապետ, իսկ որոշ ժամանակ անց, երբ հանվեցին Էրդողանի նկատմամբ առկա իրավական սահմանափակումները, Գյուլը նշանակվեց արտաքին գործերի նախարար, իսկ Էրդողանը ստանձնեց վարչապետի պաշտոնը»-վերհիշում է Վարդան Օսկանյանը:

Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայ-թուրքական հարաբերություններում շարժ է նկատվում: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շնորհավորում է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:  Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրում է Հայաստան՝ սեպտեմբերի 6-ին դիտելու աշխարհի առաջնության Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:  2008 թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլա Գյուլը ժամանում է Երևան:

Հասարակության մի խոշոր հատված դեմ էր Գյուլի այցին և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Թե՛ օդանավակայանում, թե՛ Երևանի փողոցներում, որտեղով պետք է անցներ Գյուլի մեքենան, հավաքվել էին հազարավոր հայեր. նրանք իրենց ձեռքերում պահում էին «Ես Կարսից եմ», «Ես Արդահանից եմ», «Ես Վանից եմ», «Ես Իգդիրից եմ» գրառումներով պաստառներ:

2009 թ. հունվարի 29-ին Դավոսում Սերժ Սարգսյանի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայանում է 20 րոպե տևողությամբ հանդիպում:

2009 թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաև Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրում են հայ-թուրքական երկու արձանագրությունները: Հետագայում, սակայն, թուրքական կողմը ձգձգում է արձանագրությունների վավերացումը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառաբանությամբ:  Արդեն 2014 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը կոշտ ելույթով հանդես եկավ՝ «գրողի ծոցը ուղարկելով արձանագրությունները»։ 2015 թվականին Սարգսյանը հետ է կանչում արձանագրությունները Ազգային ժողովից, իսկ 2018 թվականի մարտի 1-ին դադարեցնում է դրանց կնքման ընթացակարգը:

Եվ 13-ամյա դադարից հետո Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեցին նապորդ տարի Պրահայում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս